
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին համայնքային ոստիկանները՝ բաժնի պետ Արտաշես Մուշեղյանի գլխավորությամբ, կենդանաբանական այգու աշխատակիցներն ու մի քանի քաղաքացիներ կարողացել են բռնել զեբրին, պարանը անցկացնել ոտքին ու փորձում են նրան վերադարձնել կենդանաբանական այգի։ Թե ինչպես է զեբրին հաջողվել դուրս գալ վանդակից ու հայտնվել Մյասնիկյան պողոտայում, դա երևի պետք մտահոգի ոչ միայն կենդանաբանական այգու տնօրինությանը, այլ նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
Քիչ առաջ Կենդանաբանական այգուց պարզաբանում են փոխանցել, որը ներկայացնում ենք ստորև․«Այսօր առավոտյան լրատվականներով տարածված նյութը ոչ այլ ինչ էր, քան անհաջող կատակ։ Քաղաքացի, որի ինքնությունն այժմ պարզում են իրավապահները, իրեն պատկանող ավանակին ներկել էր զոլերով և տեսանյութ նկարահանելու համար տարել Մյասնիկյան պողոտա։ Հայտնում եմ, որ Կենդանաբանական այգու զեբրերն ապահով են, իրենց ազատավանդակում են»։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի