«Մեծագույն թագավոր». Կառլ III-ի և թագուհու այցն ԱՄՆ ավարտվեց

«Մեծագույն թագավոր». Կառլ III-ի և թագուհու այցն ԱՄՆ ավարտվեց

Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ III-ի և թագուհի Կամիլայի քառօրյա պետական այցը ԱՄՆ ավարտվեց:

Հրաժեշտին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կառլին անվանել է «մեծագույն թագավոր» և հայտարարել շոտլանդական վիսկիի մաքսատուրքերի չեղարկման մասին:

Կառլ թագավորը տիկնոջ հետ Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս ավիաբազայից մեկնել է Բահամյան կղզիներ՝ Ատլանտյան օվկիանոսում գտնվող բրիտանական անդրծովյան տարածք, որը Վաշինգտոնից հեռու է մոտ 1300 կմ:

Այցի վերջին օրը Դոնալդ Թրամփը տիկնոջ հետ հանդիսավոր կերպով հրաժեշտ է տվել Կառլին և Կամիլային Սպիտակ տանը: Այնուհետև արքայական զույգը ծաղկեպսակ է դրել Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Արլինգթոնյան գերեզմանատանը՝ Անհայտ զինվորի հուշարձանին, որից հետո մեկնել է Վիրջինիա նահանգի քաղաքներից մեկում կազմակերպված փողոցային տոնախմբությանը:

Ճանապարհելով արքայական զույգին՝ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ ի պատիվ թագավորի և թագուհու՝ չեղարկում է շոտլանդական վիսկիի որոշ մաքսատուրքեր: Հիշեցնենք, որ Թրամփի մայրը՝ Մերի Մաքլաուդը, շոտլանդուհի էր:

«Ես կչեղարկեմ վիսկիի սակագներն ու սահմանափակումները, որոնք առնչվում են Կենտուկիի համագործակցության [Կենտուկի նահանգի պաշտոնական անվանումը] հետ վիսկիի և բուրբոնի ոլորտում համագործակցելու Շոտլանդիայի հնարավորություններին: Սրանք երկու շատ կարևոր ճյուղեր են Շոտլանդիայում և Կենտուկիում,- ասված է Թրամփի գրառման մեջ:- Թագավորն ու թագուհին, նույնիսկ գրեթե չխնդրելով այդ մասին, ինձ ստիպեցին անել մի բան, որը ոչ ոք չէր կարող ստիպել: Մեծ պատիվ է, որ նրանք այցելեցին ԱՄՆ»:

Ի պատասխան այս լուրի՝ Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչը հայտարարել է, որ թագավորը Թրամփին հայտնել է իր «անկեղծ երախտագիտությունը» և «բաժակ կբարձրացնի» նախագահի համար:

Leave a Comment