Իսրայելը Հունաստանի ափերի մոտ գտնվող միջազգային ջրերում գրավել է Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող նավեր, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով օգնության մատակարարման նախաձեռնության կազմակերպիչներին
Խլված նավերը երկրորդ «Սումուդ գլոբալ նավատորմի» մաս էին կազմում, որը փորձում էր ճեղքել Իսրայելի շրջափակումը և մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված։ Նավատորմը ապրիլի 12-ին Իսպանիայի Բարսելոնա նավահանգստից է դուրս եկել։ Հունաստանի կառավարության խոսնակ Պավլոս Մարինակիսը հայտնել է, որ 17 նավերի անձնակազմի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա ընդգծել է, որ Աթենքը չի տեղեկացվել Իսրայելի կողմից Հունաստանի իրավասության սահմաններից դուրս տեղի ունեցած գրավման մասին։
ՏԱՍՍ-ը, հղում անելով Իսրայելի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը, հայտնել է, որ իսրայելական ուժերը նավատորմի երկու տասնյակ նավերից ուղեկցում են 175 ակտիվիստի դեպի Իսրայել։ Ընդհանուր առմամբ, գործակալության տվյալներով՝ իսրայելական զինվորականները խլել են 21 նավ։ Նավատորմը բաղկացած է 58 նավից և 39 երկրներից 345 մասնակցից։
2025 թվականի հունիսին իսրայելական զինվորականները վերահսկողություն էին հաստատել Madeline զբոսանավի նկատմամբ, որը մարդասիրական առաքելությամբ ուղևորվում էր Գազայի հատվածի ափեր։ Նավի վրա 12 մարդ կար, այդ թվում՝ շվեդ բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգը։
