Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևով պահանջվում է, որ Հայաստանի իշխանությունները երաշխավորեն ընդդիմության իրավունքների լիարժեք հարգումը, դատական անկախությունը և խոսքի ազատությունը, ինչպես նաև պահանջվում է արդարություն արցախահայության և հայ գերիների համար, հայտնում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը։
Գրասենյակը ողջունել է ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված՝ «Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու մասին բանաձևը»։
Քանի որ Հայաստանը պատրաստվում է հունիսի 7-ի ռազմավարական կարևորություն ունեցող խորհրդարանական ընտրություններին, Եվրոպական խորհրդարանը հստակ ազդակ է փոխանցում, որ այդ ընտրությունները պետք է լինեն ազատ, արդար և մրցակցային։ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հատկապես ընդգծում է խորհրդարանի դիրքորոշումը «ընդդիմության իրավունքների լիարժեք հարգման» և բոլոր քաղաքական դերակատարների համար հավասար պայմանների անհրաժեշտության վերաբերյալ։
Նշվում է, որ բանաձևում Եվրոպական Խորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդների անօրինական կալանավորումը՝ պահանջելով նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Այն ընդգծում է, որ ցանկացած կայուն խաղաղություն պետք է հիմնված լինի Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վրա։
Եվրոպական խորհրդարանը նաև վերահաստատել է իր հաստատուն աջակցություննարցախահայության իրավունքներին, ներառյալ նրանց ինքնության և սեփականության պաշտպանության հարցերը։
Խորհրդարանը հստակ կոչ է անում ապահովել նրանց անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքը՝ միջազգային երաշխիքների ներքո։ Պահանջում է պատասխանատվություն հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման համար և կոչ է անում իրականացնել միջազգային գնահատման առաքելություն։
