Կրեմլում իրականացված պեղումների ընթացքում հայտնաբերվել է ոսկեզօծ արծաթե մի զարդ, որը, ըստ ռուս գիտնականների, կարող է պատկանել Աստվածամոր սրբապատկերին։ Թագանման այս զարդը, հավանաբար, եղել է Վլադիմիրյան Աստվածամոր սրբապատկերի շապիկի (օկլադի) մաս։ Այն հայտնաբերվել է 2019-2021 թվականների պեղումների ընթացքում։ Մասնագետների տվյալներով՝ այն պատրաստված է ոսկեզօծ արծաթից և զարդարված է եղել թանկարժեք քարերով, այդ թվում՝ նռնաքարերով ու ցիտրինով, ինչպես նաև բազմագույն արծններով (էմալ)։
Գիտնականները նշում են, որ նման իրեր նախկինում հայտնի էին միայն թանգարանային նմուշներից, մինչդեռ հնագիտական պեղումների ժամանակ նմանատիպ գտածո հայտնաբերվել է առաջին անգամ։ Ըստ հետազոտողների՝ նռնաքարերը բերվել են Հնդկաստանից, իսկ արծնները պատրաստվել են Իտալիայում՝ վենետիկյան տեխնոլոգիայով։ Թեև գտածոն վնասված է, այն, գիտնականների գնահատմամբ, ունի պատմամշակութային և գեղարվեստական մեծ արժեք։
