«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մտադիր է Հայաստանում աղքատությունը հաղթահարելու նպատակով հիմնադրամ ստեղծել, հայտարարել է քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը կուսակցության երկրորդ հավաքի ժամանակ։
Նրա խոսքով՝ հիմնադրամը ծայրահեղ աղքատության մեջ գտնվող ընտանիքներին ներկայիս 20-30 հազար ամսական աջակցությունը կհասցնի մինչև 150 հազար դրամի։
«Հինգ հոգանոց ընտանիքը աղքատության հաղթահարման հիմնադրամից ամսական 150 հազար դրամ աջակցություն կստանան, որը թույլ կտա նրանց դուրս գալ աղքատությունից»,- նշել է նա։
Կարապետյանի խոսքով՝ Հայաստանում աղքատության ներկայիս վիճակը 2018-2024 թվականների ընթացքում աճել է՝ Տավուշի մարզում՝ 25%-ից մինչև 39,9%, Վայոց ձորի մարզում 18%-ից մինչև 30%, Շիրակի մարզում դարձել է 43%, Կոտայք 22%-ից մինչև 27%, իսկ Արմավիրի մարզում 25%-ից մինչև 27%։
Մինչդեռ ըստ Կարապետյանի՝ տարածաշրջանային մյուս պետություններն այդ ընթացքում 2 անգամ բարելավել են աղքատության ցուցանիշները։ Քաղաքական ուժի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը իր հերթին հայտնել է, որ մեկ շաբաթից կներկայացնեն նոր ծրագիր։
Հունվարին Նարեկ Կարապետյանը ներկայացրել էր Սամվել Կարապետյանի կողմից առաջարկված տնտեսական զարգացման հայեցակարգը։ Այն բաղկացած է հինգ առանցքային քայլից, որոնք, ըստ նախաձեռնողների, կապահովեն Հայաստանի տնտեսական թռիչքն ու ժողովրդագրական կայունությունը։
«Մեր ձևով» շարժումն ավելի վաղ առաջարկել էր Մեղրիի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով էներգետիկայի, լոգիստիկայի և բնակարանաշինության վրա, Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով Սևանա լճում ձմեռային զբոսաշրջության և ձկնաբուծության վրա, ինչպես նաև Հայաստանի քաղաքներում ու գյուղերում գործազրկության կրճատման ծրագիր:
Շարժումը տեղեկացրել էր նաև Ալավերդու կենտրոնական զբոսայգու վերակառուցման ծրագրերի մասին և առաջարկել Վանաձորում երկու արդյունաբերական նախագիծ՝ պարարտանյութերի արտադրության քիմիական գործարանի վերականգնում և քաղաքում նավթի վերամշակման կենտրոնի ստեղծում։ Շարժումը նաև մեկնարկել էր էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման համազգային ստորագրահավաք, առաջարկել Սյունիքի մարզի 5 շրջանի զարգացման տեսլական։
