Անտարկտիդայում կառուցում են 1 միլիոն տարեկան սառույցների պահեստարան – armeniatoday.am

Ռուսաստանցի բևեռախույզները Անտարկտիդայի «Վոստոկ» կայանում սկսել են հնագույն սառույցների նոր պահեստարանի շինարարությունը: Интерфакс-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Արկտիկայի և Անտարկտիկայի գիտահետազոտական ինստիտուտի (ԱԱԳՀԻ) տնօրեն Ալեքսանդր Մակարովը:

Նոր հատուկ կառույցը նախատեսված է սառցե նմուշների համակարգված պահպանման համար, որոնց թվում կան ավելի քան մեկ միլիոն տարեկան նմուշներ:

«Ստացված նմուշների արխիվը պահվում է Անտարկտիդայում: Այժմ մենք կառուցում ենք նոր հատուկ պահեստարան, որտեղ բոլոր նմուշները կանոնակարգված ձևով կպահվեն», – նշել է Մակարովը:

«Վոստոկ» կայանի պետ Դմիտրի Բաշմաշնիկովը պարզաբանել է, որ գործող պահեստարանը, որտեղ արդեն կա շուրջ 5 կիլոմետր սառցե նմուշ, սպառել է իր ռեսուրսը և մասնակիորեն դեֆորմացվել է: Նոր պահեստարանի շինարարությունն իրականացվելու է փուլ առ փուլ, և առաջիկա տարիներին հավաքածուն կտեղափոխվի անվտանգ վայր:

Մակարովը հավելել է, որ հնագույն սառույցները հենց Անտարկտիդայում պահելը նպատակահարմար է «Վոստոկ» կայանի խիստ ցածր ջերմաստիճանի պատճառով: Սա հնարավորություն է տալիս խուսափել թանկարժեք սառնարանային համակարգերի կառուցումից: Գիտնականները նախատեսում են վերսկսել ակտիվ հետազոտությունները հին սառույցների ուղղությամբ 71-րդ ռուսական անտարկտիկական արշավախմբի շրջանակներում:

«Վոստոկ» լիճը մոլորակի ամենամեծ ենթասառցադաշտային ջրամբարն է, որը միլիոնավոր տարիներ մեկուսացված է եղել արտաքին աշխարհից շուրջ 4 կիլոմետր հաստությամբ սառցե շերտի տակ: Այն համարվում է երկրագնդի ամենաքիչ ուսումնասիրված վայրերից մեկը: 2024 թվականին գիտնականներին արդեն հաջողվել էր Սանկտ Պետերբուրգ հասցնել մոտ 1,2 միլիոն տարեկան սառույցի նմուշներ, որոնք հանվել էին ավելի քան 3,5 կիլոմետր խորությունից:

Leave a Comment