Հայաստանը բանակցում է հնդկական արտադրության «Պրալայ» (Pralay) մարտավարական հրթիռային համակարգերի և «Astra MK1» հրթիռների ձեռքբերման շուրջ, հայտնել է հնդկական The New Indian Express պարբերականը։
ՀՀ պաշտպանության նախարարությունն ապրիլի վերջին հայտնել էր ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի՝ Հնդկաստան կատարած պաշտոնական այցի մասին, որի շրջանակում նա բարձր մակարդակի բանակցություններ է վարել Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետ Անիլ Չաուհանի, պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհի և ռազմաօդային ուժերի շտաբի պետ Ամար Պրիտ Սինգհի հետ: Հանդիպումների ընթացքում կողմերն ամփոփել են պաշտպանական ոլորտում իրականացված միջոցառումների արդյունքները, անդրադարձել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին և պայմանավորվածություններ ձեռք բերել մի շարք մասնագիտական ուղղություններով երկկողմ համագործակցության հետագա խորացման վերաբերյալ:
Ըստ հնդկական աղբյուրի՝ Երևանը ձգտում է ձեռք բերել հնդկական «երկիր-երկիր» դասի քվազիբալիստիկ «Պրալայ» համակարգերը՝ Ադրբեջանի հեռահար հարվածային հնարավորություններին, այդ թվում՝ իսրայելական LORA հրթիռներին հակազդելու համար։ Ըստ պարբերականի՝ ներկայումս կողմերն անցել են գործարքի արժեքի շուրջ վերջնական քննարկումների փուլին։
Բացի այդ, հայ-հնդկական բանակցությունների օրակարգում է եղել «Astra MK1» «օդ-օդ» դասի հրթիռների գնումը և հայկական Su-30SM կործանիչների հնդկական տեխնոլոգիաներով արդիականացումը, նշել է հնդկական աղբյուրը։ Պարբերականը փոխանցմամբ՝ Հայաստանը նաև դիտարկել է հնդկական որոշ պաշտպանական համակարգեր սեփական տարածքում արտադրելու կամ ինտեգրելու տարբերակները։
Ըստ հնդկականի մամուլի հրապարակումների՝ Երևանը Հնդկաստանից արդեն գնել է «Pinaka» համազարկային կրակի համակարգեր, «Akash» ՀՕՊ համակարգեր, «Swathi» ռադարներ և հակաանօդաչու հարթակներ։
