Ադրբեջանը փորձում է արդարացնել Արցախի հոգևոր ժառանգության ջնջումը․ Մայր Աթոռ

Մայր Աթոռը դատապարտել է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը, որով փորձ է արվում արդարացնել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը, տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից։

Մասնավորապես շեշտվում է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու հիմնահատակ ավերման փաստը։ Ըստ հրապարակման՝ սրբավայրերի պղծումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ։

Մայր Աթոռը մերժելի է համարել Արցախի անկախության շրջանում կառուցված եկեղեցիները «ապօրինի շինություն» որակելը՝ այն անվանելով միջազգային սկզբունքների բացահայտ ոտնահարում և մշակութային եղեռնագործություն։ Էջմիածինը ստահոդ է որակել նաև Հայոց Եկեղեցու հասցեին հնչած մեղադրանքը՝ խաղաղության հաստատմանը խոչընդոտելու վերաբերյալ։ Հոգևոր կենտրոնն ընդգծել է, որ խաղաղությունը խոչընդոտվում է պատմական ճշմարտության կեղծմամբ և հայկական հետքի հետևողական վերացմամբ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում միջազգային կրոնական և իրավապաշտպան կառույցներին գործուն քայլեր ձեռնարկել՝ կասեցնելու Ադրբեջանի ծրագրված քաղաքականությունը։

Ադրբեջանի Կովկասի մուսուլմանների վարչությունը արդարացրել էր եկեղեցիների ոչնչացումը՝ Հայ Առաքելական եկեղեցու կողմից այդ գործողությունների քննադատությունը անվանելով «թշնամության և ապատեղեկատվության ակտ»։

Բաքուն պնդում էր, որ եկեղեցիները, ենթադրաբար, կառուցվել են անօրինական կերպով, և որ Ադրբեջանի քաղաքացիներն իրենք են դիմում իշխանություններին՝ քանդելու բոլոր կառույցները, «որոնք գոյություն չեն ունեցել օկուպացիայից առաջ»։

Leave a Comment