ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակումն սպառնալիք է ամբողջ աշխարհի համար․ Փեզեշքիան

ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակումը սպառնալիք է ամբողջ աշխարհի համար, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Նրա խոսքով՝ հակառակորդները փոխել են Իրանի հետ դիմակայելու իրենց մոտեցումը և անցել են տնտեսական ճնշման, այդ թվում՝ Իրանի ծովային շրջափակման և երկրի ծովային առևտրի սահմանափակումների միջոցով։

«Ծովային շրջափակում և սահմանափակումներ կիրառելու ցանկացած փորձ խախտում է միջազգային իրավունքը, սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի երկրների և ժողովուրդների շահերի, ինչպես նաև խաղաղության և համաշխարհային կայունության համար, և դատապարտված է ձախողման»,- ասել է Փեզեշքիանը։

Իրանի նախագահը հավելել է, որ Պարսից ծոցի տարածաշրջանը միակողմանի պարտադրման վայր չէ, այլ միջազգային համագործակցության համակարգի մաս է կազմում։

Ապրիլի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի ծովային շրջափակումը պահպանելու մտադրության մասին, մինչև Թեհրանը լիովին չհրաժարվի իր միջուկային ծրագրից՝ նշելով այս ճնշման ավելի մեծ արդյունավետությունը՝ համեմատած ռազմական հարվածների հետ։

ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որը ներառում էր Հորմուզի նեղուցի անհապաղ բացում:  Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։

ԱՄՆ ռազմածովային ուժերն Իրանի նավահանգիստների շրջափակումն սկսել էին ապրիլի 13-ին։ Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։

Leave a Comment