Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն են ստացել մի շարք նախագծեր

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր:

««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Օրենսդրական փոփոխությունների նպատակը ոլորտային կարգավորումների վերանայումն ու հստակեցումն է: Դրանք ուղղված են օրենսդրությունը «Կրթության մասին» օրենքի 2025 թվականի մայիսի 12-ի փոփոխություններին համապատասխանեցնելուն, ինչպես նաեւ Կառավարության «500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում նախադպրոցական կրթության մեջ երեխաների ընդգրկվածության ցուցանիշի ապահովմանը: Փոփոխությունների ընդունումը, ըստ հիմնական զեկուցողի, կնպաստի նաեւ գործող իրավական ակտերում առկա անհամապատասխանությունների վերացմանը:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարության կողմից մի շարք խմբագրական փոփոխություններ են առաջարկվել: Առաջարկվում է օրենքի 31-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրմամբ, որի նպատակն է՝ դպրոցների ենթակայության փոփոխությամբ պայմանավորված, հստակեցնել տարածքային կառավարման մարմինների եւ Երեւանի քաղաքապետի լիազորությունների շրջանակը:

Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումներն ուղղված են անցումային շրջանի կարգավորումների հստակեցմանը եւ համակարգի անխափան գործունեության ապահովմանը:

Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցումն ընկած ժամանակահատվածում աշխատանքային կարգով քննարկվել են ներկայացված առաջարկները: Դրանք վերաբերում են ակադեմիայի գործունեության համար առավել բարենպաստ պայմանների ստեղծմանը, անդամության եւ նախագահության ձեւավորման սկզբունքներին, ինչպես նաեւ ընդունելության նոր կարգի ներդրման ժամկետներին: Հիմնական զեկուցողը փաստել է, որ Կառավարության դիրքորոշումը ներկայացված առաջարկների վերաբերյալ դրական է:

Քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:

Leave a Comment