Հայաստանի ավելի քան երկու տասնյակ իրավապաշտպան և հասարակական կազմակերպություններ բաց նամակ են հղել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային՝ կոչ անելով նպաստել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանը, հայտնել են Free Armenian Prisoners կենտրոնից։
Դիմումը հրապարակվել է մայիսի 4-ին և 5-ին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովներին ընդառաջ։
Նամակի հեղինակներն ընդգծել են, որ 19 հայ գերու ազատ արձակումը մնում է կարևոր հումանիտար հարց և պետք է դառնա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առանցքային տարր։
Կազմակերպությունները հիշեցրել են, որ Եվրախորհրդարանը դեռևս 2025 թվականի մարտի 12-ին պահանջել էր անհապաղ և անվերապահ ազատ արձակել պահվող անձանց, սակայն Ադրբեջանը շարունակում է նրանց անազատության մեջ պահել։
«Համոզված ենք, որ ԵՄ-ն կարող է վճռորոշ դերակատարում ունենալ Բաքվում պահվող հայ բանտարկյալների ազատ արձակման գործում»,- ասված է դիմումի մեջ։
Ստորագրյալները նաև հայտարարել են, որ Ադրբեջանի կողմից խաղաղության խոստումները չեն կարող վստահելի համարվել հայ հասարակության համար, քանի դեռ հայ գերիները շարունակում են մնալ անազատության մեջ։
Նամակն ստորագրել է 26 կազմակերպություն՝ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ, «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ, «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ։
Ստորագրյալների թվում են նաև Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը, «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, ԻՆԵԴՆԵԹ տեղեկատվության և կրթության զարգացման ցանց ՀԿ-ն, «Իրավունքի կենտրոն», «Արագած հովիտ», «Հելսինկյան ասոցիացիա», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ», «Հանուն հավասար իրավունքների», «Խաղաղության երկխոսություն» ՀՀԿ-ները։
Նամակն ստորագրել են նաև «Առաքելություն Հայաստան, «Արդարության նոր մշակույթ», «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների», Հայաստանի Հելսինկյան կոմիտե, «Արցախ միություն», «Հավասար հնարավորություն», «Ընդդեմ իրավական կամայականության», «Արցախից Արցախ» տեղեկատվական, վերլուծական, հետազոտական, փաստաբանական կենտրոն ՀԿ-ները։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է մնալ 19 հայ գերի։ 2025-ի սեպտեմբերից՝ ադրբեջանական իշխանությունների որոշմամբ երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փակումից հետո, որևէ միջազգային կառույց չի այցելել հայ գերիներին:
2025 թվականի հունվարին Բաքվում մեկնարկել էին Ադրբեջանում պահվող հայերի, այդ թվում՝ Արցախի երեք նախկին նախագահների և հինգ այլ ռազմաքաղաքական առաջնորդների նկատմամբ «դատական գործընթացները»։
Արցախի նախկին պետնախարարը Բաքվում դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման: Վարդանյանը հրաժարվել էր պաշտպանական դիրքորոշում ներկայացնել դատարանում՝ հայտարարելով, որ տեղի ունեցողը համարում է դատական ֆարս: Արցախցի գործչի ընտանիքը դատարանի որոշումից հետո հայտարարել էր, որ շարունակելու է պայքարը Վարդանյանի և մյուս հայ գերիների ազատման համար:
Արցախի մյուս նախկին ղեկավարները դատապարտվել էին 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր նրանց վաղաժամ ազատման հնարավորությունը։
