Ռուսական պետական «Անկեղծ նշան» (Честный знак) համակարգը Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ի հանձնարարությամբ կասեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի մոտ 1,1 մլն շշի վաճառքը, հայտնում է RBC-ն՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը։
Սահմանափակումները վերաբերում են 2025 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև 2026 թվականի մարտի 27-ը արտադրված խմբաքանակին։ Գերատեսչությունում պնդում են, որ նմուշներում հայտնաբերվել են պարտադիր պահանջների խախտումներ, ինչը կարող է ռիսկ լինել սպառողների համար։
Ապրիլի 28-ին նույն համակարգի միջոցով արգելվել էր «Ջերմուկի» 338 շիշ ապրանքի վաճառքը, որի պատճառը, ըստ «Ռոսպոտրեբնադզոր»-ի, «պարտադիր պահանջների խախտումներն» են։
Նույն օրը ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմինը հայտարարել էր, որ ՌԴ-ում «Ջերմուկի» խմբաքանակի վաճառքն արգելելու գրություն չի ստացել և իրավիճակը պարզաբանելու գործընթաց է սկսել։ Ռուսական պաշտոնական տվյալներով՝ սահմանափակումների տակ հայտնված արտադրանքի ընդհանուր ծավալը հասել է մոտ 1,4 մլն միավորի։
«Ռոսպոտրեբնադզոր»-ի պնդմամբ՝ առանձին խմբաքանակներում արձանագրվել է հիդրոկարբոնատների, քլորիդների և սուլֆատների պարունակության գերազանցում, ինչը չի համապատասխանում մակնշմանը և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։
2024 թվականին Ռուսաստանում արդեն կասեցվել էր «Ջերմուկի» 2,5 մլն շշի վաճառքն այն բանից հետո, երբ Հյուսիսային Օսիայի բնակիչը, ըստ նրա ընտանիքի ու քննիչների վարկածի, թունավորվել էր իր շշում հայտնված քացախաթթվից։
