ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (Christian Solidarity International – CSI) իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է ծավալուն զեկույց՝ «Եկեղեցին պաշարման մեջ. Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ պետական հալածանքները և ինչ պետք է անի Արևմուտքը» վերնագրով : Զեկույցի հեղինակը միջազգային իրավունքի մասնագետ և պատմաբան դոկտոր Փիթեր Ֆլյուն է:
Փաստաթղթի հրապարակումը համընկնում է Երևանում մեկնարկող ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի և Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի հետ : CSI-ն կոչ է անում եվրոպացի առաջնորդներին ուշադրություն դարձնել Հայաստանում ժողովրդավարական հետընթացին և կրոնական ազատությունների խախտումներին:
Հիմնական մտահոգությունները
Զեկույցում նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը համակարգված արշավ է իրականացնում Հայ առաքելական սուրբ եկեղեցու (ՀԱՍԵ) դեմ՝ օգտագործելով պետական հարկադրանքի ողջ գործիքակազմը՝ կալանավորումներ, գաղտնալսումներ, ճամփորդական սահմանափակումներ և հրապարակային վարկաբեկում:
Փաստաթղթի համաձայն՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ներառել է եկեղեցու «բարեփոխման» դրույթներ, որոնք ենթադրում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնանկություն և եկեղեցու նկատմամբ պետական վերահսկողության հաստատում : CSI-ն սա որակում է որպես միջազգային իրավունքի և ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտում:
Քաղբանտարկյալներ և ճնշումներ հոգևորականության նկատմամբ
Զեկույցում առանձնահատուկ շեշտվում է արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի շարունակվող կալանավորումը «Երևան-Կենտրոն» բանտում : Ըստ զեկույցի՝ Հայաստանում գործող արքեպիսկոպոսների մեկ երրորդը և թեմակալ առաջնորդների գրեթե մեկ քառորդը ենթարկվել են ազատազրկման կամ հետապնդումների:
Զեկույցը նաև անդրադառնում է գործարար և եկեղեցու բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվող տնային կալանքին, ով առաջիկա ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն է:
Աշխարհաքաղաքական համատեքստ
CSI-ի նախագահ դոկտոր Ջոն Էյբներն իր առաջաբանում նշում է, որ եկեղեցու դեմ ճնշումները տեղի են ունենում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջների ֆոնին : Ըստ նրա՝ ՀԱՍԵ-ն հանդիսանում է ազգային դիմադրողականության վերջին պատնեշը, որը խոչընդոտում է տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ծրագրերի իրականացմանը:
CSI-ի առաջարկությունները ԵՄ-ին և միջազգային հանրությանը.
Իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում միջազգային գործընկերներին.
• Հրապարակայնորեն վերահաստատել Հայ եկեղեցու իրավունքը՝ ընտրելու սեփական ղեկավարությանը՝ առանց պետական միջամտության:
• Պահանջել ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, հատկապես Բագրատ սրբազանին և Սամվել Կարապետյանին:
• Դիտորդներ գործուղել քաղաքական դրդապատճառներ ունեցող դատական նիստերին:
• Աջակցել Շվեյցարիայի խորհրդարանի Motion 24.4259 որոշման իրականացմանը, որը կոչ է անում ստեղծել միջազգային խաղաղության ֆորում՝ արցախահայության անվտանգ վերադարձն ապահովելու համար:
Հոդվածի ամբողջական տարբերակին և զեկույցին կարելի է ծանոթանալ CSI-ի պաշտոնական կայքում: