Նավթի գինը գերազանցել է 118 դոլարը

Նավթի գինը գերազանցել է 118 դոլարը

Նավթի շուկաները նոր գնաճով են արձագանքել լուրերին, թե ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի «ընդլայնված շրջափակմանը»:

Brent տեսակի նավթի մեկ բարելի արժեքը գերազանցել է 118 դոլարը, ինչը ընթացիկ ամսվա ամենաբարձր ցուցանիշն է՝ երեքշաբթի երեկոյան գրանցված 110 դոլարից հետո: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է իրանական պատերազմը:

Չորեքշաբթի օրը նավթի գինը որոշ ժամանակով հասել է 119 դոլարի, ինչը նշանակում է, որ մեկ օրվա ընթացքում աճը կազմել է 7%:

Ավելի վաղ Wall Street Journal թերթը գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է իր օգնականներին նախապատրաստել Իրանի նավահանգիստների ներկայիս շրջափակման ընդլայնումը՝ նպատակ ունենալով ճնշում գործադրել երկրի տնտեսության վրա: Թեհրանը հայտարարել է, որ ի պատասխան շրջափակման՝ կշարունակի խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցով:

Պատերազմի սկզբից ի վեր նավթի գները կտրուկ տատանվել են, քանի որ հակամարտության պատճառով առևտրային նավագնացության առանցքային ուղիներից մեկը՝ Հորմուզի նեղուցը, փաստացի փակ է մնում արդեն մի քանի շաբաթ: Սովորաբար դրանով է անցնում նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը:

Իրանը զգալիորեն սահմանափակել է նավերի տեղաշարժը նեղուցով՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների, որոնք սկսվել են փետրվարի 28-ին: Թեհրանը նախազգուշացրել է, որ ցանկացած նավ, որը կմոտենա նեղուցին, կդառնա ռազմական թիրախ:

Ի պատասխան՝ ԱՄՆ-ն հայտարարել է, որ իր ուժերը կկասեցնեն կամ հետ կդարձնեն այն նավերը, որոնք ուղևորվում են դեպի իրանական նավահանգիստներ կամ դուրս են գալիս այնտեղից:

Leave a Comment