«Մարտի 1»-ի գործով նոր մեղադրանքներ կառաջադրվեն – armeniatoday.am

«Մարտի 1»-ի գործով նոր մեղադրանքներ կառաջադրվեն, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Նա տեղեկացրել է, որ 4 անձի վերաբերյալ դատարան ուղարկված վարույթը կհամալրվի նոր մեղադրանքներով։ Վարդապետյանը, սակայն, չի հստակեցրել, թե գործով անցնող որ անձանց մասին է խոսքը։

«Մեղադրանքները կվերաբերվեն պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնատար անձանց, որոնք օժանդակել են, որ բանակն օգտագործվի խաղաղ ցուցարաների դեմ»,- նշել է դատախազը։

Վարդապետյանը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում դատարան է ուղարկվելու «Չերեմուխա» տեսակի գազային նռնակի հետ կապված դրվագը։

2008-ի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Երևանում ցույցեր և բախումներ էին տեղի ունեցել փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո, զոհվել էր 10 մարդ, վիրավորվել էին հարյուրավոր ոստիկաններ, զինծառայողներ և քաղաքացիական անձինք։

2018-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո գործը նոր փուլով քննվեց: Գործով անցնում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը։ Ավելի ուշ վարույթով քրեական հետապնդում էր հարուցվել նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի և Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին նկատմամբ՝ հատուկ միջոցների գործադրմամբ ցույց ցրելու մեղադրանքով։

Leave a Comment