Հետախույզ Արթուր Ավանեսյանը ՔԿՀ-ում հացադուլ է հայտարարել – armeniatoday.am

«Ուժեղ Հայաստան» կուսակցության «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել՝ ի նշան իր դեմ կիրառված կալանքի, Armenia Today-ին հաստատեց կուսակցության անդամ, իրավապաշտպան Գոհար Մելոյանը:

Վերջինիս խոսքով՝ սա ծայրահեղ քայլ է՝ հասարակության ուշադրությունը հրավիրելու տեղի ունեցող գործընթացների նկատմամբ։

«Իրողությունը, որ մարդն իր ողջ կյանքը նվիրել է հայրենիքի համար պայքարին, տասնամյակներով․․․ Այսպիսի ծայրահեղ անհեթեթ փաստազուրկ միջամտություններով մարդուն մեկուսացնել ու ակնհայտ քաղաքական նպատակներից ելնելով՝ բացառապես նպատակ ունի նրան ուղղակի այդ ընտրական գործընթացներից հեռացնելու։ Եվ բնականաբար, սա իր անհաշտության կոչն է, իր անհամաձայնության ձևաչափն է։ Ես շատ ցավում եմ, որ նա ստիպված է այս ծանր միջոցներին դիմելու իր ձայնը լսելի դարձնելու համար, բայց դա նրա որոշումն է, որի հետ պետք է հաշտվենք»,- պարզաբանեց Մելոյնաը։

Նրա խոսքով՝ այս որոշումը նաև նրա ձայնը լսելի կդարձնի այն հարթակներին, որոնք արտոնված են որպես մարդու իրավունքներով զբաղվող կառույցներ։

«Ամենակարևորը ես լիահույս եմ, որ այս գործողությունը կհասնի մեր ժողովրդին․ մարդն այսպիսի ծայրահեղ քայլերի դիմում է, երբ իր ձայնը, արդարության պահանջը լսելի չի լինում, և սա սթափության կոչ է մեր հանրությանն՝ առաջին հերթին»,- նշեց Մելոյանը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության ծրագրերի բաժնի ղեկավար և համակարգող Ավանեսյանը երկու ամսով կալանավորվել էր կաշառակերության մեղադրանքով:

Leave a Comment