Ադրբեջանում բանտարկված յոթ հայ պատանդի ընտանիքները ներկայացնող միջազգային փաստաբանական թիմը և «Արցախ միությունը» դիմել են ՄԱԿ-ի Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբին:
Ապրիլի 24-ին ներկայացված դիմումը պահանջում է անհապաղ ազատ արձակել Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Մադաթ Բաբայանին, Լևոն Բալայանին, Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին և Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին:
Գերիների ընտանիքների լիազորմամբ դիմումը ներկայացվել է փաստաբաններ Սիրանուշ Սահակյանի (Հայաստան), Այտոր Մարտինես Խիմենեսի (Իսպանիա), Մեգան Շուրո-Լիոնի (Ֆրանսիա), Իրեն Մասիմինոյի (Արգենտինա) և «Արցախի միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանի կողմից։
Իրավական հիմքերի բացակայություն
Պատանդները գերեվարվել էին 2023 թվականի ռազմական հարձակման ժամանակ և Ժնևի կոնվենցիայով պետք է ճանաչվեին ռազմագերիներ ու հայրենադարձվեին: Փոխարենն Ադրբեջանը նրանց դատապարտել է շինծու մեղադրանքներով, այդ թվում՝ վարձկանության, ինչն իրավաբանորեն անհնար է հիմնավորել սեփական հողում բնակվող անձանց պարագայում:
Քաղաքական հետապնդում և խտրականություն
Նշվում է, որ Արցախի նախկին քաղաքական և ռազմական առաջնորդների ազատազրկումը հետապնդում է այլախոհությունը լռեցնելու նպատակ: Դատավարություններն ընթացել են դռնփակ, զինվորական դատարաններում և հավաքական կարգով, ինչը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Փետրվարին նրանցից երեքը դատապարտվել էին ցմահ ազատազրկման, իսկ մյուսները՝ 15-19 տարվա բանտարկության:
Բանտարկյալները զրկված են անկախ իրավական պաշտպանությունից և արտաքին վերահսկողությունից, հատկապես՝ 2025 թվականի սեպտեմբերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության արտաքսումից հետո:
Փաստաբանները ՄԱԿ-ից պահանջում են ճանաչել ազատազրկման կամայական բնույթը, չեղյալ հայտարարել դատավճիռները և հնարավորություն տալ միջազգային փորձագետներին այցելել Բաքվի բանտերում գտնվող հայերին:
Բաքվում պաշտոնական տվյալներով՝ 19 հայ գերի կա։
