Լրագրող Արշալույս Մղդեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Երբ համեմատում ենք Հայաստանի ու Վրաստանի տնտեսությունները, ի թիվս այլ փոփոխականների, պետք է հաշվի առնենք հատկապես էներգետիկան: Առաջին հերթին գազը: Ե՛վ Հայաստանը, և՛ Վրաստանը չունեն արդյունաբերական նշանակության սեփական գազ և ամբողջությամբ կախված են դրսի ներկրումնրից: Սակայն այստեղ նմանությունն ավարտվում է:
Հայաստանը տարեկան սպառում է 2,4-ից 2,8 մլրդ խորանարդ մետր գազ, իսկ Վրաստանը՝ մինչև 3,3 մլրդ:
Հայաստանը գազը ներկրում է հիմնականում Ռուսաստանից, բայց ունի նաև այլ աղբյուր՝ Իրանը` «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային ծրագրով: Ռուսական գազի գինը սահմանին վերջին տարիներին կազմել է 177 դոլար 1000 խորանարդ մետրի համար:
Վրաստանն իր գազի հիմնական մասը ստանում է Ադրբեջանից: Քանի որ ադրբեջանական գազը Վրաստանի տարածքով է տարանցվում դեպի Թուրքիա և Եվրոպա, Վրաստանը որպես տարանցման վճար ստանում է այդ ծավալի 5%-ը գրեթե անվճար, որը կազմում է մոտ 1 մլրդ խորանարդ մետր, կամ Վրաստանի սպառման ծավալի շուրջ 1/3-ը:
Բացի այդ, Վրաստանն ունի հավելյալ ծավալներ գնելու իրավունք արտոնյալ գնով: Արդյունքում Վրաստանի համար ներկրվող գազի միջին արժեքը, ըստ տարբեր հաշվարկների, էականորեն նվազում է՝ կազմելով շուրջ 130 դոլար:
Հայաստանը ևս վճարում է Վրաստանին՝ իր տարածքով ռուսական գազի տարանցման համար: Նախկինում դա տարանցվող ծավալի 10%-ն էր, հետո այն, եթե չեմ սխալվում, վերածվեց գումարի: Վերջին տարիներին Վրաստանը սկսել է կտրուկ ավելացնել գազի ներկրումների ծավալը Ռուսաստանից:
Արդյունքում, Վրաստանում բնակչության համար 1000 խորանարդ մետր գազն արժե մոտ 200-220 դոլար: Հայաստանում բնակչության համար գործող սակագինը 143,700 դրամ է: Եթե հաշվարկենք 1 դոլարը 375 դրամ փոխարժեքով, ապա 1000 խորանարդ մետր գազը հայաստանյան սպառողի համար արժե շուրջ 385 դոլար:
Հայաստանում 177 դոլարանոց գազի՝ վերջնական սպառողի համար 385 դոլար դառնալը պայմանավորված է Ավելացված արժեքի հարկով (20%), բաշխիչ ցանցի սպասարկման, աշխատավարձերի ու վարչական ծախսերով, մարժայի յուրահատկություններով և «Գազպրոմ Արմենիա» ընկերության մենաշնորհային դիրքով: Ներքին ցանցն ամբողջությամբ կառավարվում է մեկ այդ ընկերությունը:
Ի տարբերություն Հայաստանի բացարձակ մենաշնորհի, Վրաստանում համակարգը մի փոքր այլ է: Թեև ադրբեջանական SOCAR-ին պատկանող SOCAR Georgia Gas-ը դոմինանտ դերակատար է և ապահովում է մարզերի մեծ մասը, մայրաքաղաք Թբիլիսիում գազամատակարարումն իրականացնում է մեկ այլ ընկերություն՝ «Tbilisi Energy»-ն: Այսինքն՝ Վրաստանի ողջ տարածքում մեկ ընկերության բացարձակ մենաշնորհ չկա»։
