
Ապրիլի 29-ը «Պարի միջազգային օրն» է: Այդ կապակցությամբ, հիրավի, տպավորիչ ու խորհրդանշական նախաձեռնությամբ են հանդես եկել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խորեոգրաֆիայի ամբիոնի դասախոս, «Հայկյաններ» համույթի հիմնադիր Արթուր Հարությունյանն ու իր ընկերները, համախոհները: Նախորդ տարի կազմակերպվել էր հայկական պարերի մասշտաբային ցուցադրություն Երևանի «Կասկադ» համալիրում: Իսկ այս անգամ շատ ավելի ընդգրկուն է դարձել նախաձեռնության աշխարհագրությունը, գործնականում ընդգրկելով ամբողջ աշխարհը, ավելի ճիշտ՝ աշխարհով մեկ սփռված հայությանը:
Լրագրողն իր «Յութուբի» էջում զետեղել է զրույցի տեսանյութը, նաև նշել. «Աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերը երեք հայկական պար են կատարել ու տեսանկարահանել՝ ի ցույց համայն հայության ազգային հավաքական կերպարի։
Այստեղ պարում են Ուրուգվայի պառլամենտի առաջ, որտեղ առաջինն են ընդունել Հայոց Ցեղասպանության փաստը, Ֆրանսիայում՝ Փարիզի Էյֆելյան աշտարակի ֆոնին, Մարսելում, որ իր գիրկն առավ ցեղասպանությունից մազապուրծ եղած հազարավոր հայերի, Ռուսաստանում՝ Մոսկավայում և Պետերբուրգում՝ ի ցույց Հայաստանի և Ռուսաստանի պատմական անցյալի, Բելգիայի Ատոմիկումի առաջ, ի ցույց եվրոպական ընտանիքի քաղաքակրթության ընկալման, Ավստրալիայում, Լիբանանում և էլի շատ ու շատ երկրներում, որտեղ ապրում է ՀԱՅ-ը։
Եվ, բնականաբա՛ր, պարում են Երևանում, Մայր Հայաստան կոթողի մոտ, ինչն առավել քան խորհրդանշական է և խորիմաստ»: