Թրամփը պահանջել է հեռացնել իր կնոջ՝ «ապագա այրի» լինելու մասին կատակի հեղինակին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Disney-ին և ABC-ին կոչ է արել անհապաղ աշխատանքից ազատել հաղորդավար Ջիմի Քիմմելին, որը ԱՄՆ առաջնորդի դեմ մահափորձից կարճ ժամանակ առաջ սկետչում առաջին տիկին Մելանյա Թրամփին անվանել էր «ապագա այրի», գրել է BBC-ն։

Կատակը հնչել էր Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ տեղի ունեցած կրակոցներից մի քանի օր առաջ, որին մասնակցել է Թրամփը։

«Ես հասկանում եմ, որ այդքան շատ մարդիկ վրդովված են Քիմմելի բռնության զզվելի կոչից, և նրանք սովորաբար չեն արձագանքում նրա խոսքերին, բայց սա անընդունելի է։ Disney-ը և ABC-ն պետք է անհապաղ ազատեն Ջիմի Քիմմելին»,- ասվում է հայտարարության մեջ։

Թրամփի գրառումից կարճ ժամանակ առաջ նրա կինը՝ Մելանյան, արձագանքել է Քիմմելի X-ում արված կատակին՝ պնդելով, որ հաղորդավարը «թաքնվում է ABC-ի հետևում, քանի որ գիտի, որ հեռուստաընկերությունը կշարունակի քողարկել իրեն»։ Առաջին տիկինը կոչ է արել ABC-ին «դիրքորոշում ընդունել»։ Նրա կարծիքով, Քիմմելի մեկնաբանությունները զվարճալի չեն, այլ ավելի շուտ վնասակար են Ամերիկայի քաղաքական ամբողջականության համար։

Քիմմելը ամերիկացի հեռուստահաղորդավար և կատակերգու է: Անցյալ տարվա սեպտեմբերի 17-ին ABC-ն դադարեցրել էր «Jimmy Kimmel Live!» հաղորդման հեռարձակումը՝ ամերիկացի աջակողմյան ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության վերաբերյալ նրա մեկնաբանություններից հետո: Մի քանի օր անց՝ սեպտեմբերի 23-ին, ABC-ն հայտարարել էր շոուի վերաբացման մասին:

Ապրիլի 23-ին «Jimmy Kimmel Live!»-ի հաղորդավարը հեռարձակեց մի ակնարկ այն մասին, թե ինչպիսին կլիներ Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընթրիքի լուսաբանումը: Կատակներից մեկում նա Առաջին տիկնոջը նկարագրել է «ճառագող՝ ինչպես ապագա այրի»:

Կրակոցները տեղի են ունեցել ապրիլի 26-ին: Գաղտնի ծառայության աշխատակիցները բեմից տարհանել են Թրամփին, նրա կնոջը՝ Մելանյային, և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին: Կրակողը, որը նույնականացվել է որպես Քոուլ Ալեն, ձերբակալվել է: CBS News-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ ձերբակալությունից հետո նա խոստովանել է, որ ցանկացել է կրակել Թրամփի վարչակազմի պաշտոնյաների վրա:

Leave a Comment