Դեմոկրատները քննարկում են Թրամփի դեմ դատական հայցի հնարավորությունը – armeniatoday.am

ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները դիտարկում են նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դատական հայց ներկայացնելու հնարավորությունը, եթե նա շարունակի Իրանի հետ կապված ռազմական գործողությունները առանց օրենսդիրների թույլտվության, գրել է Time-ը։

Նշվում է, որ հայց կներկայացվի, եթե Թրամփը մայիսի 1-ից հետո շարունակի ռազմական գործողությունները։

Սենատոր Ռիչարդ Բլյումենթալը նշել է, որ անհրաժեշտ է դիտարկել դատական հայցի տարբերակը, իսկ Ներկայացուցիչների պալատի անդամ Թեդ Լյուն հայտարարել է, որ լիովին աջակցում է այդ քայլին՝ ընդգծելով, որ դրա համար կան հիմնավոր փաստարկներ։

Միաժամանակ սենատոր Ադամ Շիֆը հայտնել է, որ նախատեսում է շաբաթվա վերջում կրկին քվեարկության դնել ռազմական լիազորությունների վերաբերյալ բանաձևը՝ հնարավորություն տալով հանրապետականներին հստակ դիրքորոշում հայտնել։ Սակայն, նրա խոսքով, Գերագույն դատարանը ընտրողաբար է աջակցում Կոնգրեսին նման հարցերում, և սա այն ռազմավարությունը չէ, որի վրա կարելի է ամբողջությամբ հույս դնել։

Time-ի տվյալներով՝ հայց ներկայացնելու քննարկումները դեռ սկզբնական փուլում են, սակայն կարող են ակտիվանալ, եթե Թրամփը շարունակի ռազմական գործողությունները Իրանի դեմ՝ 60-օրյա ժամկետի ավարտից հետո։

Ամսագիրը հիշեցնում է, որ 1973 թվականի ռազմական լիազորությունների մասին օրենքի համաձայն՝ նախագահը պարտավոր է դադարեցնել ռազմական գործողությունները 60 օր անց, եթե Կոնգրեսը չի հայտարարել պատերազմ կամ չի տվել ուժի կիրառման թույլտվություն։ Օրենքը թույլ է տալիս միայն մեկ անգամ 30-օրյա երկարաձգում՝ զորքերի անվտանգ դուրսբերման անհրաժեշտության դեպքում։ Մինչ այժմ Կոնգրեսը չի հաստատել Իրանի հետ կապված որևէ ռազմական լիազորություն, և Սպիտակ տունը չի հայտարարել նման թույլտվություն ստանալու մտադրության մասին։

ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որը ներառում էր Հորմուզի նեղուցի անհապաղ բացում:  Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։ Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։

Leave a Comment