ԵՄ-ն կարող է խuտացնել Կիևին 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման տրամադրման պայմանները. Bloomberg



ԵՄ իշխանությունները Ուկրաինայից պահանջում են հարկային փոփոխությունների իրականացում, հակառակ դեպքում համայնքը կսահմանի Կիևին 90 միլիարդ եվրոյի չափով ֆինանսավորման տրամադրման ավելի խիստ պայմաններ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Bloomberg գործակալությանը։



Գործակալության զրուցակիցների խոսքով՝ առաջարկը Ուկրաինային կպարտավորեցնի ներդնել 20 տոկոս ավելացված արժեքի հարկ այն ընկերությունների համար, որոնք աշխատում են արտոնյալ համակարգով և որոնց տարեկան եկամուտը գերազանցում է 4 միլիոն գրիվնան (90,7 հազար դոլար)։


«Եվրամիությունը դիտարկում է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրման պայմանների խստացման հնարավորությունը, ինչի արդյունքում վճարումների մի մասը կախված կլինի բիզնեսի համար ոչ հանրաճանաչ հարկային փոփոխությունների ներդրումից»,- հայտնում է գործակալությունը։


Համաձայն հրապարակման՝ Եվրահանձնաժողովում քննարկվող պլանը կարող է առնչվել այսպես կոչված մակրոֆինանսական օգնության 8,4 միլիարդ եվրոյին, որի տրամադրումն ակնկալվում է 2026 թվականին։ Աղբյուրները նշել են, որ այդ ջանքերը համընկնում են Ուկրաինայի փորձերի հետ՝ համոզելու Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ) գոնե հետաձգել նույնանման պահանջի ներդրումը՝ ավելի քան 8 միլիարդ եվրոյի վարկային առանձին ծրագրի շրջանակներում լրացուցիչ օգնության ապասառեցման համար։

Գործակալության աղբյուրների համաձայն՝ ԱՄՀ-ն նույնպես պնդում է, որ Կիևը ձեռնարկի մի շարք միջոցներ, այդ թվում՝ մինչև հունիս ներդնի ԱԱՀ արտասահմանյան ծանրոցների համար։

Ուկրաինան վերջին մի քանի տարիներին բյուջեն ձևավորում է ռեկորդային դեֆիցիտով՝ ակնկալելով այն ծածկել արևմտյան օգնության հաշվին։ Երկրի 2026 թվականի բյուջեն ընդունվել է 1,9 տրիլիոն գրիվնա (45 միլիարդ դոլար) դեֆիցիտով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment