Թրամփը հանձնարարել է խորհրդականներին պատրաստվել Իրանի երկարատև շրջափակմանը. ԶԼՄ




 

Sputnik. Հրապարակման մեջ նշվում է, որ ԱՄՆ նախագահը Իրանի ռմբակոծությունների վերսկսումն ավելի ռիսկային տարբերակ է համարում։


 


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է խորհրդականներին պատրաստվել Իրանի երկարատև շրջափակմանը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։


 


«Թրամփը հանձնարարել է խորհրդականներին պատրաստվել Իրանի երկարատև շրջափակմանը… Վերջին հանդիպումների ժամանակ, քննարկումներում, Թրամփը որոշել է շարունակել ճնշումն Իրանի տնտեսության և նավթի արտահանման վրա՝ խոչընդոտելով իրանական նավահանգիստներ նավերի մուտքն ու ելքը», – ասվում է հրապարակման մեջ։


 


Պաշտոնյաների խոսքով՝ Թրամփը մյուս տարբերակները՝ ռմբակոծությունների վերսկսումը կամ հակամարտությունից դուրս գալը, ավելի ռիսկային է համարել, քան շրջափակումը պահպանելը։


 


Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելին թերթին հայտնել է, որ շրջափակման շնորհիվ ԱՄՆ–ն իբր «առավելագույն ազդեցություն ունի» Իրանի իշխանությունների վրա, և որ Թրամփը կընդունի միայն այնպիսի համաձայնագիր, որը կապահովի ԱՄՆ–ի ազգային անվտանգությունը։


 


Վաշինգտոնն ու Թեհրանն ապրիլի 8-ին երկու շաբաթով հրադադար են հայտարարել։ Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն ավարտվել են անարդյունք, ընդ որում ռազմական գործողությունների վերսկսման մասին չի հաղորդվել, սակայն ԱՄՆ-ն սկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը:


 


Ապրիլի 22-ին ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հայտարարել է, որ երկարաձգում է Իրանի հետ հակամարտությունում հրադադարի ռեժիմը։


 


Միջնորդները փորձում են բանակցությունների նոր փուլ կազմակերպել։


 


 


Leave a Comment