Փաստաբաններ Աբգար Պողոսյանը և Վարդուհի Սարգսյանը հաղորդում են ներկայացրել թուրք քաղաքական գործիչ, Թուրքիայում գրանցված և գործող «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Ուգյուր Գուզելի դեմ։
Գուզելը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա 111-րդ տարելիցին իր պաշտոնական թվիթերյան էջում հրապարակել է ՀՀ մայրաքաղաքում՝ Հանրապետության հրապարակում, արված լուսանկար, որում ցուցադրել է «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման նշանը։
Փաստաբանները հիշեցրել են, որ «Գորշ գայլեր» կազմակերպությունը աշխարհի տարբեր երկրներում ճանաչված է որպես ահաբեկչական խմբավորում, որը հայերին դիտարկում է որպես թուրքերի թշնամի և իրականացնում է հակահայկական գործողություններ՝ ներառյալ հայկական մշակութային արժեքների ոչնչացումն ու պղծումը։
Նրանք կարծում են, որ տվյալ քաղաքական գործչի արարքը, հաշվի առնելով նրա լայն լսարանը ինչպես Թուրքիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, ոչ միայն անարգանք է հայ ժողովրդի կրած տառապանքների նկատմամբ, այլև պարունակում է քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ։ Մասնավորապես, այն կարող է համապատասխանել ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը, առավելագույն պատիժը՝ 5 տարի) և 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, առավելագույն պատիժը՝ 4 տարվա ազատազրկում) նախատեսված հանցակազմերին։
Փաստաբանները քիչ հավանական են համարում, որ տվյալ անձը կենթարկվի քրեական պատասխանատվության, այնուամենայնիվ կարծում են, որ վարույթի նախաձեռնման դեպքում այն կարող է ունենալ կանխարգելիչ և զսպող նշանակություն։
