Ցավալի սխալ․ CCAF-ը՝ Փարիզում ՀՀ դեսպանատան բացմանը որոշ անձանց չհրավիրելու մասին

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) Ազգային գրասենյակը դժգոհություն է հայտնել Ֆրանսիայի հայկական համայնքի մի շարք ներկայացուցչական անձանց Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման արարողությանը չհրավիրելու Հայաստանի կառավարության որոշման վերաբերյալ:

Խորհուրդը նման որոշումը որակել է որպես ցավալի սխալ։ Նշվում է, որ դեսպանատան բացմանը հնարավորություն չունեին մասնակցելու Խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը և Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

CCAF-ից շեշտել են, որ դեսպանությունն ամբողջ ազգի ընդհանուր տունն է, այն վայրը, որտեղ Հայաստանը ներկայանում է իր ամբողջականությամբ, բազմազանությամբ և արժանապատվությամբ՝ վեր կանգնելով պահի տարակարծություններից և կուսակցական հաշվարկներից։

«Սահմանափակելով Ֆրանսիայի հայկական համայնքի ճանաչված ներկայացուցիչների մուտքը՝ ՀՀ կառավարությունը հեռանում է ազգի համախմբման իր կոչումից»,- ասվում է հայտարարության մեջ։

Խորհուրդը շեշտել է, որ Թորանյանի և Փափազյանի անուններն անքակտելիորեն կապված են Ցեղասպանության հիշողության, ճանաչման և հայ ժողովրդի արժանապատվության պաշտպանությանն ուղղված տասնամյակների պայքարի հետ։
«Ժողովրդավարորեն ընտրված ղեկավարներին զրկելը նշանակում է զրկել սփյուռքի կազմակերպված հատվածի զգալի մի մասի»,- նշել են գրասենյակից։

Կազմակերպությունից հիշեցրել են, որ 1995 թվականից ի վեր հայ առաքելական եկեղեցին ներկայիս շենքն անվճար տրամադրում է ՀՀ դեսպանությանը։ Իսկ Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Գևորգյանի չմասնակցելը միջոցառմանը, ասվում է հայտարարության մեջ, նշանակում է բացասական ուղերձ հղել Ֆրանսիայի քաղաքական շրջանակներում հայրենի հողից վտարված, գաղթի հարկադրված և ամեն ինչից զրկված 120 000 արցախահայերի իրավունքների պաշտպանությանն ուղղված գործին։

Այսօր ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման մասին։

Leave a Comment