«Շուրա՛, դուք երեք չեք եղել Իսպանիայում, ուրեմն՝ չեք տեսել ցլամարտ։ Գնա՛նք, տեսնե՛նք»։
Այս խոսքերով Օստապ Բենդերը Շուրա Բալագանովին հրավիրեց դիտելու լեյտենանտ Շմիդտի «69 որդիներից» հերթականի «գլխին գալիքը»։ Բայց Բենդերը հազիվ թե պատկերացներ, որ տարիներ անց «ցլամարտի» հայկական տարբերակը կանցկացվի առանց ցուլի, բայց փոխարենը՝ երկու մատադորով, որոնք հերթով փորձում են միմյանցից խլել կարմիր թիկնոցը։
Խոսքը Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների միջև ընթացող հեռակա փոխհրաձգության մասին է։ Նրանց միջև տարաձայնություններն ամենևին նորություն չեն, սակայն հիմա այդ հակամարտությունը նոր բնույթ է ստացել՝ կրկին ներգրավելով առաջին դեմքերին։
Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-ամյակի առթիվ հղած ուղերձում թափանցիկ ակնարկներ էր հնչեցրել Ռոբերտ Քոչարյանի հասցեին.
«Ութ տարի առաջ իմ հրաժարականի հայտարարության մեջ ես գրել էի մի նախադասություն, որը տեքստի շահառուներից մեկի խմբագրման և իմ «ոխերիմ» ընկերների հաջորդիվ մանիպուլյացիայի պատճառով փորձեցին դարձնել խարան ինձ համար»։
Ուղերձի մեկ այլ հատվածում՝ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի նախաձեռնության մասին խոսելիս, նա բացահայտ անդրադարձել էր Քոչարյանի առաջնորդած խմբակցությանը.
«Այս պայմաններում արդար ու մրցակցային ընտրությունները, մեր համոզմամբ, անհնարին էին։ Սակայն, ցավոք, մեր խորհրդարանական գործընկերներն ընտրեցին այլ ուղի՝ սպասելով ընտրություններին»։
Քոչարյանի պատասխանն էլ չուշացավ։ Օտարերկրյա լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, անդրադառնալով իր սխալներին և այն հարցին, թե ինչի համար է ամենաշատը զղջում, նա նշել էր.
«Հավանաբար՝ իրավահաջորդի հարցում»։
«Գրեթե երկու տասնամյակ է, ինչ այդ նույն բառերը լսել եմ տարբեր աղբյուրներից, երեկ էլ սկզբնաղբյուրից լսեցինք։ Ինձ համար դա նորություն չէ». սա էլ Քոչարյանի հայտարարության վերաբերյալ Սերժ Սարգսյանի մեկնաբանությունն է։
Համաձայնե՛ք՝ այս փոխհրաձգություններն ու փոխադարձ մեղադրանքները հրաշալի տեսարան են, եթե «էքշնի» երկրպագու ես։ Ու որպեսզի պատկերն ամբողջանա, մեջբերենք ևս մի քանի դրվագ 2025 թվականի ընթացքում Քոչարյան-Սարգսյան հակամարտությունից.
Սերժ Սարգսյան (2025 թ. ապրիլ, ՀՀԿ խորհրդի նիստ). «Կա՛մ այդքան փութաջանորեն քողարկում են 2018-ին իշխանազավթներին աջակցելու սեփական քայլերը, կա՛մ, միգուցե, գալիք ընտրություններից առաջ պարզապես փորձում են ընդդիմադիր ձայներ փախցնել»։
Ռոբերտ Քոչարյան (2025 թ. մայիս, ասուլիս). «Ինձ զարմացրեց, հարցրի՝ վստա՞հ ես․ երևի մի երկու անգամ նույն հարցը տվեցի։ Շատ հանգիստ ասում է՝ ամեն ինչ կոնտրոլի տակ է, իսկ մի քանի օր հետո հրաժարական է տալիս»։
Ռոբերտ Քոչարյան. «ՀՀԿ-ն եղել է փոքր կուսակցություն… Եվ ասել, որ իրենք ինձ թիկունք են կանգնել… այո՛, եղել են խորհրդարանական մեծամասնություն, բայց տվյալ դեպքում մեծ հարց է՝ ո՞վ ում ավելի շատ աջակցություն ցուցաբերեց»։
Սերժ Սարգսյան (2025 թ. օգոստոս, ճեպազրույց). «Ավելի լավ է իմպիչմենտի նախաձեռնության տակ մի ստորագրություն դնել, քան հավերժ անիծել այս իշխանություններին։ Ով դա չի ընկալում, իր գործն է»։
Իսկապես, այս ամենը «լավ է նայվում»։ Միայն թե այն որևէ առնչություն չունի այսօրվա իրողությունների, Հայաստանի առջև ծառացած խնդիրների և, ընդհանրապես, քաղաքական դաշտի հետ։ Չկան անվտանգություն, տնտեսություն կամ ապագա։ Կա միայն՝ ով ում ինչ ասաց, ով երբ ինչ չի ներել և ով ում համար է դեռ զղջում։
La commedia non è finita, La commedia non finisce mai. (Կոմեդիան չի ավարտվել, կոմեդիան երբեք չի ավարտվում)
Արման Գալոյան
