Բիշքեկում կայացած ՇՀԿ անդամ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցության ժամանակ Անդրեյ Բելոուսովը նշել է, որ նման քայլերը սրում են ռազմաքաղաքական իրավիճակը ողջ Եվրոպայում։ Ըստ ՌԴ պաշտպանության նախարարի՝ Մոսկվան արձանագրում է Կիևին աջակցելու հարցում ԱՄՆ ակտիվության անկում, որին զուգահեռ աճում է Եվրոպայի կողմից տրամադրվող օգնությունը։ Բելոուսովն ընդգծել է, որ Եվրոպական միությունն ավելի ու ավելի է ներքաշվում հակամարտության մեջ՝ իրականացնելով ֆինանսավորում և զենքի մատակարարում։
Նախարարը հավաստիացրել է, որ Ռուսաստանը վերահսկում է Արևմուտքից սպառազինության մատակարարման բոլոր ուղիները և դիտավորյալ հանրայնացնում դրանք։ Որպես օրինակ նա մատնանշել է ԶԼՄ-ներում հրապարակված այն եվրոպական ընկերությունների ցանկը, որոնք արտադրում և Ուկրաինա են ուղարկում հարվածային ԱԹՍ-ներ ու դրանց համար նախատեսված բաղադրիչներ։