Պոմպեյում հնագետներն առաջին անգամ կիրառել են արհեստական բանականություն՝ վերակառուցելու Վեզուվի հրաբխի ժայթքման ժամանակ զոհված մարդու դեմքը։ Մ.թ. 79 թվականի աղետի ընթացքում Պոմպեյը ծածկվել էր մոխրով և քարերով՝ պահպանելով բազմաթիվ բնակիչների մնացորդներ։
Նոր թվային դիմանկարը ստեղծվել է Պոմպեյի հնագիտական պարկի և Պադուայի համալսարանի համագործակցությամբ։ Գիտնականների խոսքով՝ պատկերված տղամարդը փորձել է փախչել դեպի ծովափ, սակայն զոհվել է հրաբխային քարերի տեղումներից։
Պեղումների ընթացքում նրա մոտ հայտնաբերվել են անձնական իրեր՝ կավե հավանգ, յուղի լամպ, երկաթե օղակ և 10 բրոնզե մետաղադրամ։ Հետազոտողների գնահատմամբ՝ դրանք ցույց են տալիս նրա վերջին պահերը և Պոմպեյի բնակիչների առօրյան ողբերգությունից առաջ։
