ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում ընդունել Իրանի վերջին առաջարկը, որը նախատեսում է Հորմուզի նեղուցի բացում՝ առանց միջուկային ծրագրի հարցի լուծման, հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
NYT-ի տվյալներով՝ Թրամփը Սպիտակ տանը խորհրդակցությունների ընթացքում իր խորհրդականներին հայտնել է, որ իրեն չի բավարարում տարբերակը, որի դեպքում Թեհրանը բացում է նեղուցը և դադարեցնում ռազմական գործողությունները, բայց հետաձգում է միջուկային ծրագրի շուրջ քննարկումները։ Նշվում է, որ Թրամփը քննարկվել է նաև ԱՄՆ հնարավոր նոր ռազմական քայլերը՝ Իրանին բանակցություններում ավելի էական զիջումների մղելու համար։
CNN-ը նշել է, որ նեղուցի բացումը՝ առանց ուրանի հարստացման հարցի կարգավորման, կարող է զրկել Վաշինգտոնին բանակցություններում հիմնական լծակներից մեկից։ Միևնույն ժամանակ, իրանական նավերի նկատմամբ սահմանափակումների պահպանումը շարունակում է նպաստել էներգակիրների գների աճին, ինչն արդեն հանգեցրել է ԱՄՆ-ում բենզինի թանկացման։
Հեռուստաընկերության տվյալներով՝ Սպիտակ տանը կայացած քննարկումներից հետո հետագա քայլերը դեռևս հստակ չեն։ Ամերիկյան պաշտոնյաները նաև մտահոգված են Իրանում ներքին տարաձայնություններով և վստահ չեն, թե ով է վերջնական որոշումներ կայացնում հնարավոր համաձայնագրի շուրջ։
CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, ավելի վաղ գրել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր խաղաղ համաձայնագրի առաջին փուլը կարող է դառնալ կողմերի վերադարձը մինչև հակամարտության սկիզբը արձանագրված ստատուս քվոն։
Ըստ աղբյուրի, չնայած կողմերի միջև բանակցությունների երկրորդ փուլը դեռ չի կայացել, նրանց դիրքորոշումները «այնքան հեռու չեն միմյանցից, որքան կարող է թվալ»։ Հեռուստաընկերության զրուցակիցները պնդել են, որ ներկայումս ինտենսիվ կուլիսային դիվանագիտական աշխատանք է ընթանում։ Նշվում է, որ բանակցությունները կենտրոնացած են հակամարտության փուլային կարգավորման վրա, որի առաջնահերթ քայլը կարող է լինել Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության վերականգնումը և վերադարձը մինչպատերազմական դիրքերին։
Նշվել է նաև, որ իրանական միջուկային ծրագրի հարցն ավելի ուշ կդառնա քննարկման թեմա։ Աղբյուրը հավելել է, որ միջնորդները ճնշում են գործադրում թե՛ Վաշինգտոնի, թե՛ Թեհրանի վրա՝ համաձայնության հասնելու համար։
ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որը ներառում էր Հորմուզի նեղուցի անհապաղ բացումը: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։ Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։ Ապրիլի 27-ին ԶԼՄ-ները գրել էին, որ Իրանն ԱՄՆ-ին առաջարկել է բացել Հորմուզի նեղուցը։
