Իրանի նավթային ոլորտը հայտնվել է կրիտիկական սահմանագծին, քանի որ երկրի պահեստավորման հզորությունները գրեթե սպառված են։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ Թեհրանին մնացել է ընդամենը 12-ից 22 օրվա պաշարների կուտակման հնարավորություն, որից հետո նավթն ուղղակի տեղավորելու տեղ չի լինի։
Այս ճգնաժամի հիմնական պատճառը ԱՄՆ ռազմածովային շրջափակումն է, որը շուրջ 70 տոկոսով կրճատել է իրանական հումքի արտահանումը։ Հորմուզի նեղուցով իրականացվող բեռնափոխադրումները փաստացի կանգ են առել, և տանկերներին չի հաջողվում դուրս գալ բաց ծով, ինչը երկրի ներսում ստեղծել է հումքի հսկայական ավելցուկ։
Ստեղծված իրավիճակը կարող է Թեհրանին կանգնեցնել արդյունահանման ծավալների կտրուկ նվազեցման փաստի առաջ։ Մասնագետների կանխատեսմամբ, եթե շրջափակումը չմեղմվի, մինչև մայիսի կեսերը Իրանը ստիպված կլինի օրական ևս 1,5 միլիոն բարելով կրճատել նավթի արդյունահանումը՝ ի լրումն արդեն իսկ իրականացված զգալի կրճատումների։
Սա լուրջ հարված է էներգետիկ ենթակառուցվածքներին, քանի որ հորատանցքերի աշխատանքի երկարատև դադարեցումը կարող է հանգեցնել հանքավայրերի տեխնիկական վնասման և հետագա վերականգնման բարդությունների։
Չնայած մատակարարման շղթայի այս լուրջ խափանումներին, Իրանի տնտեսությունը ֆինանսական անմիջական հարվածը դեռ չի զգա։ Նավթի վաճառքի առանձնահատկությունները թույլ են տալիս երկրին որոշակի ժամանակ շահել, քանի որ նախկինում առաքված խմբաքանակները շաբաթներ են ծախսում գնորդներին հասնելու համար, իսկ վճարումները սովորաբար կատարվում են ուշացումով։
Այս գործոնը Թեհրանին տալիս է մի քանի ամսվա «շնչելու տեղ»՝ մինչև մատակարարման ճգնաժամը լիարժեքորեն կարտացոլվի պետական բյուջեի եկամուտների վրա։
