Շատ կոռեկտ․ Կարապետյանը՝ վարչապետի թեկնածուի մասին ընդդիմադիրների դիրքորոշման մասին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը մեկնաբանել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գարիկ Ծառուկյանի հայտարարությունները՝ ընտրություններից հետո վարչապետի թեկնածուներին աջակցելու վերաբերյալ։

«Հայաստան» դաշինքն ավելի վաղ հայտարարել էր ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած ընդդիմադիր ուժին աջակցելու պատրաստակամության մասին, իսկ Ծառուկյանը հայտարարել էր, որ ընտրություններից հետո Կարապետյանի թեկնածությունը պաշտպանելու հնարավորության մասին։

«Երկուսն էլ շատ կոռեկտ հայտարարություններ են արել, քանի որ միջազգայնորեն ընդունված փաստ է, որ կառավարությունը ձևավորում է առաջին տեղը զբաղեցրած ուժը։ Քանի որ վստահ ենք, որ այդ ուժը մենք ենք լինելու, դրա համար շատ շուտով նրանք այդ հնարավորությունը կունենան պաշտպանելու մեր կուսակցության թեկնածուին», – ասել է նա։

Պատասխանելով 300 000 ադրբեջանցու հնարավոր բնակեցման հետ կապված սպառնալիքների մասին հարցին՝ Կարապետյանը խոսել է Հայաստանի թուրքացման վտանգի մասին։

«Սյունիքը կորցնելու վտանգն եմ տեսնում, Սևանի Գյոլչա դառնալու վտանգն եմ տեսնում, Հայաստանի թրքացման վտանգն եմ տեսնում, բայց մի անհանգստացեք։ Մենք դրա դիմաց ստեղծելու ենք 300000 աշխատատեղ հայերի համար, նույնիսկ մեկը թողնելու ենք Փաշինյանի համար՝ թմբուկ նվագելը», – ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը։

Նա նաև մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որով նա հրաժարվում է միջազգային մակարդակով բարձրացնել Արցախում եկեղեցիների ոչնչացման հարցը։ «Շեֆից շատ է վախենում, բա որ Ալիևը ջղայնանա հանկարծ։ Եթե մարդն իր խմբակով հարձակվում է Էջմիածնի վրա, իր համար ի՞նչ կապ ունի՝ Արցախում մի 100 եկեղեցի կքանդեն-չեն քանդի»», – հարցրել է Կարապետյանը։

Leave a Comment