Հորմուզի նեղուցով անցման նոր ընթացակարգերի մասին օրենքը կընդունվի Իրանի խորհրդարանի աշխատանքների վերսկսումից անմիջապես հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Մեջլիսի (խորհրդարան) ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալաեդդին Բորուջերդիին։
«Բազմաթիվ հանդիպումներ են անցկացվել «Հորմուզի նեղուցի անվտանգության ծրագրի» իրավական և միջազգային ասպեկտները վերանայելու համար։ Այս ծրագիրը կընդունվի որպես պարտադիր օրենք խորհրդարանի աշխատանքների վերսկսումից անմիջապես հետո և կուղարկվի կառավարությանը գործադրելու համար», – մեջբերել է նրա խոսքերը Մեջլիսի մամուլի ծառայությունը։
Բորուջերդին նշել է, որ Իրանի Կենտրոնական բանկը բացել է չորս հատուկ հաշիվ իրանական ռիալներով, յուաններով, դոլարներով և եվրոներով՝ Հորմուզի նեղուցով անցման վճարները հավաքելու համար, բայց երբ թվային արժույթի ենթակառուցվածքը գործարկվի, վճարումները կկատարվեն ռիալներով։
Ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որը ներառում էր Հորմուզի նեղուցի անհապաղ բացում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանում և Լիբանանում հրադադարի երկարաձգման մասին: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։ Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։
