Հայաստանում աշխատում է արցախցիների միայն 35%-ը. Հայկ Խանումյան  – armeniatoday.am

Հայաստանում ներկայումս աշխատում է Արցախի տնտեսապես ակտիվ բնակչության միայն 35%-ը։ Այս մասին «Արցախցիների ներգրավումը հայաստանյան աշխատաշուկայում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը:

Ըստ Խանումյանի՝ հունվարի տվյալներով Հայաստանում զբաղվածություն ունի շուրջ 25 հազար արցախցի: Նա հիշեցրել է, որ Արցախում տնտեսապես ակտիվ բնակչության թիվը 72 հազար էր (որից 56 հազարը՝ աշխատող, 16 հազարը՝ գործազուրկ), իսկ ընդհանուր աշխատունակ բնակչության թիվը հասնում էր 105 հազարի:

Բանախոսը նշել է, որ զբաղվածության հարցում հիմնական խոչընդոտներից մեկը նախկին զբաղմունքին անցնելու հետ կապված խոչընդոտներն են. Արցախում մարդկանց մոտ 60%-ը գյուղաբնակ էր և ուներ սեփական հողատարածքներ ու անասնապահությամբ էր զբաղվում։ Հայաստանի սակավահողության պատճառով այդ մարդիկ զրկվել են իրենց հիմնական զբաղմունքից և ստիպված են հարմարվել քաղաքային աշխատաշուկայի պահանջներին:

Նրա խոսքով՝ առանձին խնդիր է պահեստազոր անցած սպաների և պայմանագրային զինծառայողների ադապտացիան, ովքեր թոշակի են անցնում բավականին երիտասարդ տարիքում՝ սկսած 37 տարեկանից: Խանումյանն ընդգծել է, որ նրանց քաղաքացիական աշխատաշուկային հարմարեցնելու և վերամասնագիտացնելու ուղղությամբ պետական մակարդակով համակարգված աշխատանք չի կատարվում:

ՆԳՆ տվյալներով՝ 2025 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 19 367 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն։

Կառավարությունը մարտին փոփոխություններ էր կատարել արցախցի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրում: Երևանամերձ համայնքներում աջակցության չափը սահմանվել է 4 միլիոն դրամ մեկ անձի համար, մարզերում՝ 5 միլիոն, իսկ Երևանում՝ 3 միլիոն դրամ: Փոփոխությունները հետադարձ ուժով կկիրառվեն նաև արդեն իսկ հավաստագիրն իրացրած ընտանիքների համար:

Leave a Comment