«Մանիպուլացիա», «իմը չեմ համարում» և «ողջունելի էր»․ հարցում «Քաղաքացու օրվա» մասին

Ապրիլի 25-ին Հայաստանում նշվել է «Քաղաքացու օրը», որը սահմանվել է իշխող խմբակցության կողմից 2018 թվականի իշխանափոխությունից հետո։ Ուղիղ հեռարձակումը Armenia Today-ի Youtube-յան ալիքում:

Տոնի նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հրավիրել էր օրը նշելու այսպես ասած՝ «խորոված փարթիով»։ «Քաղաքացու օրվա» խորովածը՝ հյուրասիրությո՞ւն, թե՞ վաճառք. շատ քաղաքացիներ արձագանքելով վարչապետի հրավերին, ակնկալում էին հյուրասիրություն, սակայն ստիպված էին վճարել միջինը 6000 դրամ։

Տոնակատարություններն ընթացել են Երևանի կենտրոնական Ամիրյան փողոցում, որտեղ տեղադրված տաղավարներում պատրաստվել, վաճառվել է խորոված ու այլ սնունդ, իսկ երեկոյան Հանրապետության հրաապարակում կայացել է համերգ՝ տեղական և արտասահմանյան աստղերի, ինչպես նաև «Վարչաբենդի» մասնակցությամբ։

Armenia Today-ի նկարահանող խումբը հարցում է անցկացրել Երևանում՝ պարզելու, թե արդյոք քաղաքացիները մասնակցել են «Քաղաքացու օրվա» միջոցառումներին և ինչպես են վերաբերվում տոնի անցկացման ձևաչափին։

Քաղաքացիների զգալի մասը բացասական է արձագանքել իշխանության նախաձեռնությանը՝ անընդունելի համարելով «Քաղաքացու օրը» ապրիլի 24-ին հաջորդող օրը տոնելը։

«Ապրիլի 24-ից հետո՞․ դեռ սուգը լրիվ չի վերջացել»,- կարծիք է հնչեցրել մի քաղաքացի։

Քաղաքացիների մի մասը որևէ արտառոց բան չի տեսնում ապրիլի 25-ին քաղաքացու տոնը խորովածով և երաժշտությամբ նշելու մեջ: Բարձր երաժշտությունն ու տոնական մթնոլորտն էլ հարցվածների մի մասի համար խնդրահարույց չեն. նրանք որևէ անհանգստացնող երևույթ չեն տեսնում դրա մեւ։

«Առանց աղմուկի ինչպե՞ս  կլինի․ ինձ այդ օրը աղմուկը չի խանգարել, որովհետև դու քեզ տրամադրում ես, որ օրը պետք է նշվի»,- շեշտել է Ամիրյան փողոցի հարակից տարածքում բնակվող մի քաղաքացի։

Մաշտոցի պողոտայում ապրող մեկ այլ քաղաքացի էլ դժգոհություն է հայտնել օրվա ընտրության կապակցությամբ։

«Երևույթը տգեղ էր, որովհետև անմիջապես Եղեռնի զոհերի հիշատակի տարելիցի հենց հաջորդ օրը չարժեր խորոված փարթի անել»,- ասել է քաղաքացին։

Հարցման մասնակիցների մի մասն էլ կա՛մ զբաղվածության պատճառով չէր մասնակցել «Քաղաքացու օրվա» միջոցառումներին, կա՛մ պարզապես որպես ՀՀ քաղաքացի ցանկություն չէր ունեցել ներկա լինելու:

«Ես ՀՀ քաղաքացի եմ, բայց չհամարեցի, որ դա իմ օրն է»,- ընդգծել է մի քաղաքացի։

Հարցմանը մասնակցած քաղաքացիների մի մասն էլ կարծում է, որ միջոցառումը կարելի էր որոշ ժամանակ անց կազմակերպել,  որպեսզի այն չհաջորդեր անմիջապես ապրիլի 24-ին:

«Եթե ուզում էին նշել, այդ ամեն ինչը կարելի էր անել մեկ ամիս հետո»,- նշել է նա:

Հարցմն մանրամասները՝ տեսանյութում։

Ընդդիմությունն ու իրավապաշտպանները քննադատել են տոնի անցկացումը, որը հաջորդել էր ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցին։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ապրիլի 25-ն անվանել է «Խաբված քաղաքացու օր»։ Միևնույն ժամանակ, «Անկախ դիտորդ» ՀԿ-ն դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ տոնական համերգի կազմակերպման մեջ տեսնելով կոռուպցիոն ռիսկեր։ Ըստ իրավապաշտպանների՝ իշխող կուսակցության կազմակերպած միջոցառումը ֆինանսավորվել է մեկ դոնորի կողմից, ինչը հակասում է ՀՀ օրենսդրությանը, որի համաձայն՝ «նախընտրական քարոզարշավի ժամանակ» մեկ անձի նվիրատվությունը կուսակցությանը չի կարող գերազանցել 10 միլիոն դրամը։

Կարդա նաև՝

«Խորոված փարթի»՝ իրավապաշտպանների քննադատության և օրենքի հնարավոր խախտումների մասին հայտարարությունների ֆոնին

Leave a Comment