
Խնդիրը, սակայն, ավելի խորքային է։ 2021թ․ մարտի 16-ին Regnum-ը, որ Ռուսաստանի ԱԳՆ եւ հատուկ ծառայությունների հետ աֆիլացված լրատվամիջոցի համարում ունի, հրապարակել է «Հայ առաքելական եկեղեցին կանգնած է Արցախի թեմը կորցնելու վտանգի առաջ» վերտառությամբ հոդված, որտեղ ներկայացված է «ուդի-աղվանական եկեղեցին» օրինականացնելու ադրբեջանական ծրագիրը։
Ադրբեջանի «պատմագիտական» վարկածով Աղվանից եկեղեցին քրիստոնեությունը ընդունել է ոչ թե Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիսից, այլ՝ Եղիշե առաքյալից։ Ընդ որում, ադրբեջանցի պատմաբանները պնդում են, որ, ի տարբերություն Հայ եկեղեցու, Աղվանից եկեղեցին «ուղղափառ» է։
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը հաստատվել է ԽՍՀՄ գոյության շրջանում՝ 1989 թ․-ին։ Տրամաբանական է ենթադրել, որ հաշվի է առնվել նաև Ադրբեջանի տեսակետը։ ԽՍՀՄ փլուզումից հետո ինչպե՞ս է լուծվել ՀԱԵ Արցախի թեմի կարգավիճակի հարցը, հայտնի չէ։ Ղարաբաղյան կարգավորման ոչ մի առաջարկություն այդ խնդիրը չի ներառել։
Regnum-ի վերոհիշյալ հրապարակումն ունի չափազանց ուշագրավ դիտարկում, «եթե Հայ առաքելական եկեղեցին վերականգներ Աղվանից կաթողիկոսությունը, ապա «ուդի-աղվանական եկեղեցին» օրինականացնելու հարցում Ադրբեջանի դժվարություններ կունենար, բայց քանի որ Էջմիածինը և Ստեփանակերտը հրաժարվել են, նախաձեռնությունը մնում է Ալիևի ձեռքում»։
Ե՞րբ և ո՞ւմ կողմից է «Մայր աթոռին արվել Աղվանից կաթողիկոսությունը վերականգնելու առաջարկ», հայտնի չէ։ Փաստ է, որ անցյալ տարի Վատիկանի պաաշտոնական ամսագրում այսպես կոչված Կովկասյան Աղվանքի քրիստոնեական ինքնության մասին ծավալուն հոդված է տպագրվել, իսկ անցյալ ամիս տեղեկություն է տարածվել, որ Կաթոլիկ եկեղեցու արխիվներից Աղվանից եկեղեցու մասին Ադրբեջանին մի քանի տասնյակ փաստաթղթեր են փոխանցվել։
Աղվանից եկեղեցու ինքնությունը ճանաչել է նաեւ Ռուս ուղղափառ եկեղեցին՝ Բաքվի իր թեմի պաշտոնական կայքի միջոցով։ Ստեփանակերտի եկեղեցիների ավերմանը զուգահեռ Ադրբեջանը Ծիծեռնավանքում և Ամարաասում տեղադրել է «հանրապետական նշանակության պատմա-մշակութային հուշարձանը պահպանվում է պետության կողմից» գրառումով ցուցանակ է տեղադրել։
Խնդիրն, այսպիսով, հանգում է նրան, որ Ադրբեջանը իր ներկայիս տարածքի քրիստոնեական բոլոր հուշարձանները փորձում է միջազգայնացնել որպես «աղվանական»։ Անկախության ավելի քանի երեսուն տարիներին այդ ուղղությամբ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը, պարզվում է՝ կամ ոչինչ չեն ձեռնարկել, կամ էլ ոչ միայն քաղաքական, այլեւ կրոնա-դավանական աջակցություն չեն ունեցել ոչ Վատիկանից, որ Ռուս ուղղափառ եկեղեցուց, ոչ Կոստանդնուպոլիսի Հունաց տիեզերական պատրիարքից։ Իսկ գուցե Մայր աթոռը բացի իր արխիվները և ապացուցի, որ Աղվանից եկեղեցին 1836թ․-ից առնվազն ութ հարյուրամյակ առաջ արդեն լիովին հայկականացա՞ծ էր։