ՀՀ բոլոր սահմանները պետք է հսկեն սահմանապահ զորքերը. Փաշինյան  – armeniatoday.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է, որ ՀՀ կառավարության նպատակը Հայաստանի բոլոր սահմանների հսկողությունը սահմանապահ զորքերին հանձնելն է։

Վարչապետն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը կավարտվի տրամաբանական ժամկետներում։ Օրակարգում է նաև Վրաստանի հետ սահմանի սահմանազատման և սահմանագծման ամփոփումը, ինչի վերաբերյալ արդեն կան ձեռքբերված պայմանավորվածություններ։ Ըստ Փաշինյանի՝ սահմանների հստակեցումը հնարավորություն կտա պետությանը կենտրոնանալ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի զարգացման օրակարգի վրա։

Գործադիրի ղեկավարի խոսքով՝ կառավարությունը քայլեր է ձեռնարկում սահմանապահ զորքերում ծառայության գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, ակնկալվում է պրոֆեսիոնալիզմի նոր մակարդակ, քանի որ, նրա գնահատմամբ, խաղաղությունը ենթադրում է բարձր պատասխանատվություն։

«Սահմանապահները նրանք են, ովքեր առաջինն են դիմավորում Հայաստան եկած օտարերկրացիներին և արտերկրից վերադարձող մեր քաղաքացիներին։ Այս շփումը կարևոր է պետության, ինքնիշխանության և պաշտպանվածության վերաբերյալ ընկալումների ձևավորման հարցում»,- նշել է նա։

Վարչապետը տեղեկացրել է, որ սահմանապահ զորքերում շարունակվում են վերապատրաստման ծրագրերը, և գործում է կամավոր ատեստավորման համակարգը, ինչը նպաստում է սոցիալական երաշխիքների բարձրացմանը։ Ուրախալի փաստ է համարվել նաև ժամկետային զինծառայողների ներգրավվածության աճը սահմանապահ զորքերում։ 

ԱԱԾ-ից 2025-ի նոյեմբերին հայտնել էին, որ Սյունիքում սահմանապահ զորքերի 3 նոր ուղեկալ է բացվել։ Հունվարին ԱԱԾ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ընդգծել էր, որ կառավարությունը կշարունակի ներդրումներ կատարել գերատեսչության անվտանգության բաղադրիչների՝ սահմանապահ զորքերի, հատուկ նշանակության ուժերի ամրապնդման և անվտանգության ծառայությունների տեխնիկական հագեցվածության մեջ։

Leave a Comment