«Air France-KLM» խմբի մաս կազմող բյուջետային «Transavia France» ավիաընկերությունը հայտարարել է մայիս և հունիս ամիսներին նախատեսված որոշ չվերթների չեղարկման մասին: Որոշման հիմնական պատճառը ավիացիոն վառելիքի գների կտրուկ աճն է:
Ընկերության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Մերձավոր Արևելքում ստեղծված աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակն ու դրա հետևանքները անմիջականորեն ազդել են վառելիքի շուկայի վրա՝ ստիպելով վերանայել թռիչքների ծրագիրը: Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ չեղարկումները կազմում են ավիաընկերության երկամսյա ծրագրի 2%-ից պակասը:
«Transavia»-ն տեղեկացրել է, որ տուժած ուղևորները կկարողանան ընտրել փոխհատուցման մի քանի տարբերակների միջև՝ ստանալ վաուչեր, գումարի ամբողջական վերադարձ կամ անվճար վերամրագրում, որը կառաջարկվի չեղարկումից հետո 24 ժամվա ընթացքում:
