Ակցիա Երևանում՝ վարչապետի ավտոշարասյան վրաերթից զոհված կնոջ հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի մահվան տարելիցի կապակցությամբ Երևանի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում։

Մասնակիցները ծաղիկներ և պաստառներ են բերել՝ «Նիկո՛լ, ոտքդ գազից հանիր, մարդ չմեռնի էլ» և «Պահանջում ենք նվազեցնել մահացու ավտոշարասյուների արագությունը»։

Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիկա Թումանյանը նշել է, որ Մնացականյանի մահը «չդարձավ ուղղակի հերթական վիճակագրական թիվ»։ Նա նշել է, որ քաղաքացիները մի քանի տարի շարունակ պարբերաբար հավաքվում են վթարի վայրում՝ պահանջելով արդարադատություն, իսկ լրատվամիջոցները լուսաբանում են իրավիճակը։

Թումանյանը նաև նշել է, որ դատավարությունը ձգձգվում է, և վաղեմության ժամկետը լրանում է 2027 թվականին։ Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վարորդ Արամ Նավասարդյանը, որը վրաերթի էր ենթարկել Մնացականյանին, կարող է ազատ արձակվել վաղեմության ժամկետի լրանալու պատճառով։

Նա նաև հավելել է, որ վարոդը չի ազատվել աշխատանքից և ամբողջ դատավարության ընթացքում մնացել է ազատության մեջ։

2022-ի ապրիլի 26-ին Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ՃՈ ավտոմեքենան մահացու վրաերթի էր ենթարկել հղի Մնացականյանին, ինչից հետո մեքենաներից որևէ մեկը կանգ չէր առել։ ՃՈ մեքենայի վարորդը ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։ Ըստ մեղադրանքի՝ վրաերթի ենթարկելուց հետո Նավասարդյանը թողել էր դեպքի վայրը և հեռացել։ 2024-ի դեկտեմբերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանն անօրինական էր համարել հղի կնոջը մահացու վրաերթի ենթարկելու գործով Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը։

Փաշինյանը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Մնացականյանի վրաերթի դեպքով որևէ պատասխանատվություն չունի, քանի որ իրեն ուղեկցող ավտոշարասյան մեջ սովորական քաղաքացու նման «ավտոբուսի» ուղևոր էր։

Leave a Comment