Իրանը ԱՄՆ-ին առաջարկել է բացել Հորմուզի նեղուցը և վերջ դնել հակամարտությանը՝ միջուկային բանակցությունները հետաձգելով ավելի ուշ փուլի, հայտնել է Axios-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Ըստ աղբյուրի՝ Թեհրանի կողմից ԱՄՆ-ին պակիստանցի միջնորդների միջոցով փոխանցված նոր առաջարկը հիմնականում ուղղված է նեղուցի շուրջ ստեղծված ճգնաժամի և ԱՄՆ շրջափակման լուծմանը։ Այն ենթադրում է, որ միջուկային բանակցությունները կսկսվեն միայն ավելի ուշ փուլում՝ Հորմուզի նեղուցի բացումից և շրջափակման վերացումից հետո։
Պորտալը նշում է, որ Սպիտակ տունը ստացել է այս առաջարկը, բայց պարզ չէ, թե արդյոք ԱՄՆ-ն պատրաստ է այն քննարկել։
Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ անցյալ շաբաթվա վերջին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հստակեցրել է պակիստանցի, եգիպտացի, թուրք և կատարցի միջնորդներին, որ Իրանի ղեկավարությունը բաժանված է ԱՄՆ պահանջներին արձագանքելու հարցում։
Միևնույն ժամանակ, Axios-ի աղբյուրների համաձայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը իր ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության թիմի հետ կանցկացնի Իրանի վերաբերյալ ճեպազրույց։
Ըստ այդ աղբյուրների, Թրամփի թիմը կքննարկի բանակցություններում առկա փակուղին և հնարավոր հաջորդ քայլերը։
Կիրակի օրը Fox News-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը նշեց իր ցանկությունը՝ շարունակել իրանական նավթի արտահանումը դադարեցնող ծովային շրջափակումը՝ հույս ունենալով, որ դա Թեհրանին կստիպի զիջել։
Ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որը ներառում էր Հորմուզի նեղուցի անհապաղ բացում: Թրամփը հայտարարել էր Իրանում և Լիբանանում հրադադարի երկարաձգման մասին: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։ Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։
