Ադրբեջանական «ռեբալանսավորում». ռուս-ադրբեջանական մերձեցումը՝ որպես շանտաժի կապիտալիզացիա

Ադրբեջանական «ռեբալանսավորում». ռուս-ադրբեջանական մերձեցումը՝ որպես շանտաժի կապիտալիզացիա

Ապրիլին Մոսկվան և Բաքուն խաղարկեցին դաշնակցային հարաբերությունների վերադառնալու հերթական ներկայացումը։ Բայց հիմա սա սոսկ բաժանված զույգերի հերթական սիրախաղ չէ, այլ տարածաշրջանային ռեբալանսավորման մղում և շանտաժի կապիտալիզացիա։

Հարաբերությունների ջերմացման նախադրյալներն ստեղծեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարվա մարտին, երբ մեղավորի կեցվածքով ներողություն էր խնդրում Իլհամ Ալիևից 2024թ․ AZAL ավիաընկերության ինքնաթիռն անզգուշությամբ խոցելու համար։ Ապրիլին այս ամենը կապիտալիզացվեց։ Կրեմլը հսկայական դիվանագիտական և գործարար «դեսանտ» իջեցրեց Ադրբեջանում։ Այցը նաև լայն աշխարհագրություն ընդգրկեց՝ Բաքվից բացի՝ Ֆիզուլի և Զանգելան։ Դա նպատակ ուներ ցույց տալու Ռուսաստանի ցանկությունը՝ ներգրավվելու Ադրբեջանին անցած տարածքների վերակառուցման և տնտեսական ինտեգրման մեջ։

Բաքվում  կողմերը հայտարարեցին AZAL-ի ինքնաթիռի շուրջ վերջնական փոխհամաձայնության մասին՝ ինչը վերջնականապես քանդեց հոգեբանական բարիերը Բաքվի համար «պատվով» վերադառնալու Մոսկվայի գիրկը։

Ապրիլի 16-ին, Զանգելանում անցկացվեց Միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի առանցքը «Հյուսիս-Հարավ» միջանցքի «ադրբեջանական երթուղու» (Ռուսաստան-Ադրբեջան-Իրան) զարգացման հեռանկարն էր, մինչև տարեվերջ դրա թողունակությունը մինչև 15 միլիոն տոննայի հասցնելու խնդիրը։ ՌԴ տրանսպորտի հարցերով փոխվարչապետը «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության հետ քննարկել է նաև Աստարա (Ադրբեջան) – Աստարա (Իրան) երկաթուղային հատվածի արդիականացումը և բեռնափոխադրումների անցման արագացման հեռանկարները։ Մոսկվան ջանք չխնայեց ցուցադրելու, որ շահագրգռված են ներդրումներ կատարել  Ադրբեջանի տրանսպորտային ենթակառուցվածքներում։ Սա տեղի է ունենում Հայաստանում «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ն արդիականացնելու վերաբերյալ Մոսկվային Երևանից ուղղված խնդրանքները, պահանջները ՌԴ-ի կողմից գործնականում անպատասխան թողելու ֆոնին։ 

Ադրբեջանի շահը. Ֆիկցիայից մինչև լոկացիոն հաբ

Բաքվի համար սա տարածաշրջանային ռեբալանսավորման քայլ էր։ Ադրբեջանին հաջողվեց Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման պատրանքը «թանկ վաճառել» Վաշինգտոնին՝ ստեղծելով դեպի արևմուտք վեկտորի փոփոխության ֆիկցիա։ Արդյունքում նա ստացավ ամերիկյան TRIPP նախագիծը՝ Նախիջևանի հետ ուղիղ ցամաքային կապով։

Հիմա, տեսնելով և հասկանալով, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանը մաս է ունենալու կառավարման «հսկիչ փաթեթում» և ունենալով զգալի ինքնուրույնություն՝ դրա վրա է խարսխելու իր տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական կշիռը, Ադրբեջանը փորձում է չեզոքացնել այդ գործոնը Ռուսաստանին կրկին «խաղի մեջ ներգրավվելու» միջոցով։ Փաստացի Բաքուն հիմա էլ ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունների սերտացումն է թանկ վաճառում Մոսկվային՝ ստիպելով վերջինիս խաղալ իր պայմաններով։ Բաքուն խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի՝ Իրանի հարցում հնարավոր անհաջողության կանխավարկածի վրա և տեսնում է դրանում հնարավորություն նաև Հարավային Կովկասում չափավորելու Վաշինգտոնի հավակնությունները։ Նրա նպատակն է դառնալ տարածաշրջանային միակ լոկացիոն հաբը երկու առանցքներով՝ «Հյուսիս-Հարավ» (Ռուսաստան-Իրան) և «Միջին միջանցք» (Չինաստան-Թուրքիա)՝ վերջնականապես օրակարգից հանելով հայկական «Խաղաղության խաչմերուկը»։

Ռուսաստանի շահը. մեկուսացման ճարտարապետություն

Մոսկվայի հաշվարկները մի փոքր այլ են։ Նրա համար Ադրբեջանը ոչ միայն Իրանի հետ հաղորդակցության օղակ է, այլ նաև «3+2» ֆորմատը, որպես «տարածաշրջանային ինկվիզիցիա», կիրառելու միջոց, ինչը տարածաշրջանում Ռուսաստանի պահանջարկը լեգիտիմացնելու միակ «խողովակն» է։

Ամենացավոտ շեշտադրումը Հայաստանի նկատմամբ շանտաժի կապիտալիզացիան է։ Մոսկվան ցուցադրաբար օգտագործում է Օվերչուկի «էներգետիկ մտրակը»՝ ցույց տալով, թե ինչ տխուր մեկուսացում է սպասվում Երևանին ԵՄ ինտեգրման կուրսը շարունակելու դեպքում։ Սա հոգեբանական ճնշում է նաև հայ ընտրողի վրա. ազդակ, որ Ռուսաստանը իբրև թե պատրաստ է վերջնականապես լքել Հայաստանին, եթե առաջիկա ընտրություններում իր հովանավորյալ ուժերը չստանան իշխանություն կամ քաղաքական որոշումների վրա ազդելու իրական կշիռ։ Սա, ոչ միայն ապրիլի 1-ին Կրեմլում Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ Հայաստանի նկատմամբ կիրառված ուղերձային տեռորի շարունակությունն է, այլև դրա նյութականացումը։ Ադրբեջանի հետ նոր սիրախաղերը տակտիկական առումով Մոսկվայի համար գուցե առաջին հերթին հենց այս համատեքստում է կարևոր։

Աքցանները ճեղքելու Հայաստանի միակ հնարավորությունը

Պատահական չէ, որ այս ամբողջ ներկայացումը խաղացվեց հիմա։ Մայիսի սկզբին Երևանում կայանալու է Հայաստան-ԵՄ համաժողովը։ Միջոցառում, որը նոր հարթություն է տեղափոխելու 2025թ․ դեկտեմբերի 2-ին Բրյուսելում ստորագրված, «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ»-ը և տալու է դրա գործարկման փաստացի մեկնարկը։ Զանգելանից Կրեմլը փորձում էր արժեզրկել այդ ամենը և աքցանների մեջ առնել Հայաստանի եվրոպական հեռանկարները։

Սա սուվերենության իրական փորձություն է Հայաստանի համար։ Նոր քաղաքական շրջափակումը ճեղքելու համար Երևանն ունի երկու կարևոր «գործիք»․ առաջին՝ ԱՄՆ-ի տարածաշրջանային ներկայության հետագա ինստիտուցիոնալ ամրապնդումը, երկրորդ՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացումը։ Մնում է դիմանալ։  

Գոռ Աբրահամյան

Leave a Comment