«Ռոքի» ժեստ անողին զլմ-ն հռչակել է «Գորշ գայլերի» անդամ․ Փաստերի ստուգման հարթակ

«Ռոքի» ժեստ անողին զլմ-ն հռչակել է «Գորշ գայլերի» անդամ․ Փաստերի ստուգման հարթակ

Yerkir{.}am կայքը ապրիլի 25-ին Քաղաքացու օրվա առթիվ կազմակերպված միջոցառումից լուսանկարներ է հրապարակել՝ պնդելով, թե այնտեղ պատկերված անձինք թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամներ են, որոնք զվարճանում են Երևանում, գրում է Փաստերի ստուգման հարթակը։

««Խորովածը խժռելու «արարողությանը» հաջորդել էր «տժժալու արարողակարգը»՝ համերգ, որտեղ, ինչպես երևում է տարածվող կադրերից, ակտիվ մասնակցություն են ունեցել նաև «Գորշ գայլեր» թուրքական պանթյուրքիստական, նեոֆաշիստական  ծայրահեղական կազմակերպության հետևորդներ, որոնք բացահայտ ի ցույց են դրել իրենց նշանը», — գրել է կայքը՝ կցելով լուսանկարներ:

Սրան զուգահեռ, լրատվամիջոցը որևէ այլ փաստ և ապացույց չի ներկայացրել լուսանկարում պատկերված անձի կամ անձնաձ «Գորշ գայլեր» կազմակերպության անդամ լինելու, և առհասարակ, նրանց ինքնության մասին։ 

Այս պնդումը կից լուսանկարներով տարածել են բազամիթվ հայաստանյան ԶԼՄ-ներ (Panorama{.}am, 24{.}am, 168{.}am, Yerevantoday ևն)։ 

«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ կադրերը վերցված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից։  Տեսանյութը նկարահանվել է Հյուսիսային պողոտայում, որտեղ 3-րդ րոպեից կադրում հայտնվում է համերգային միջոցառման մասնակիցներից մեկը՝ ձեռքով ռոք և մետալ երաժշտության (heavy metal) մշակույթում հայտնի ժեստ անելով։ 

«Գորշ գայլերի» նշանը և «ռոքի» նշանը արտաքինից կարող են նման թվալ․ առաջինի դեպքում ձեռքի դիրքը՝ բութ մատը և միջնամատը միացված են, իսկ ցուցամատն ու ճկույթը բարձրացված՝ նմանեցնելով գայլի գլխի։ Մինչդեռ ռոք-մշակույթում օգտագործվող նշանի դեպքում ձեռքի դիրքը՝ ցուցամատն ու ճկույթը բարձրացված են, իսկ մյուս մատները ծալված (բութ մատը սովորաբար պահում է մյուս մատները)։

FIP.am-ը նաև InVid գործիքի միջոցով լուսնակարների է բաժանել տեսանյութի մի քանի վայրկյան տևած այդ դրվագը, որտեղ պարզ երևում է՝ քաղաքացու ժեստը։

Այսպիսով, Yerkir.am-ը առանց հստակ ապացույցների ու փաստերի պնդել է, թե Քաղաքացու օրվա միջոցառմանը մասնակցել են «Գորշ գայլերի» անդամներ՝ հիմնվելով հանրային միջոցառման մասնակցի ռոքի ժեստ անելու կադրերի վրա։

Leave a Comment