ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ-ը մամուլի ասուլիսի ժամանակ չի բացառել, որ իր մասնակցությամբ միջոցառման ընթացքում հնչած կրակոցների հիմնական թիրախը կարող էր լինել հենց ինքը։
Նրա խոսքով՝ հետևել է իրավիճակի զարգացումներին և կարծիք հայտնել, որ «գուցե պետք էր ավելի արագ հեռանալ»։ Թրամփը նաև բարձր է գնահատել Սպիտակ տան գաղտնի ծառայության աշխատակիցների գործողությունները՝ ընդգծելով, որ նրանք «շատ խիզախ կերպով» են չեզոքացրել զինված անձին։
Խոսելով հնարավոր դրդապատճառների մասին՝ նախագահը նշել է, որ տեղի ունեցածը, հավանաբար, կապ չունի Իրանի շուրջ ընթացող գործողությունների հետ, սակայն հավելել է՝ «երբեք չես կարող լիովին վստահ լինել»։
Հիշեցնենք՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Washington Hilton հյուրանոցում, որտեղ անցկացվում էր Սպիտակ տան թղթակիցների ավանդական ընթրիքը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Զինված անձը ներխուժել է դահլիճ՝ որսորդական հրացանով, հասցրել է վիրավորել Գաղտնի ծառայության աշխատակցին, ապա վնասազերծվել և ձերբակալվել։
Ըստ New York Post-ի՝ կասկածյալը 31-ամյա ուսուցիչ է Կալիֆոռնիայից՝ Քոուլ Թոմաս Ալլան անունով, ով ներկայումս գտնվում է հիվանդանոցում։