Երևանի կենտրոնում տեղի են ունենում «Քաղաքացու օրվա» տոնակատարությունները, կամ ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն է անվանել միջոցառումը՝ «խորոված փարթի»-ն։ Armenia Today-ը ուղիղ հեռարձակում է իրականացնում միջոցառման վայրից։
Ամիրյան փողոցը փակ է, տեղադրված են վաճառակետեր, որտեղ խորոված են վաճառում։ Ժամը 20:00-ին նախատեսված է նաև համերգ։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ միջոցառումը ֆինանսավորվել է ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից, այլ մասնավոր անձանց մասնակցությամբ։
Ավելի վաղ քաղհասարակության ներկայացուցիչները զգուշացրել էին ընտրությունների նախօրյակին նման միջոցառում ֆինանսավորելու հետ կապված հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին։
«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ Fastbank-ի սեփականատիրոջ կողմից ֆինանսավորումը կարող է խախտել օրենսդրական սահմանափակումները, որոնք սահմանում են, որ անհատը կամ իրավաբանական անձը կարող է կուսակցությանը նվիրաբերել ոչ ավելի, քան 10 մլն դրամ։
Միջոցառման կազմակերպիչ Domino Production-ը հրաժարվել է «Ազատություն» ռադիոկայանին բացահայտել համերգի վրա ծախսված գումարը։
Խորհրդարանի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը Armenia Today-ին տված մեկնաբանություններում հերքել են այն միտքը, որ «Քաղաքացու օրը» 2018 թվականի իրադարձությունները վերակենդանացնելու փորձ է։
Ռուբինյանը նշել է, որ 2018 թվականի խորովածը «հասարակական տրամադրությունների արտահայտման ձևերից մեկն էր», և ներկայիս միջոցառումը «հարգանքի տուրք է դրան»։
Լրագրողների այն հարցին, թե արդյոք խնդիր է տեսնում ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվանից հետո տեղի ունեցող խորովածի տոնակատարության հետ կապված, Սիմոնյանը հրաժարվել է շարունակել զրույցը։

Փաշինյանի ընդդիմախոսներն անդրադարձել են «Քաղաքացու օրվան» և կազմակերպված միջոցառումներին։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն այն անվանել է «խաբված քաղաքացու օր»։ Կարապետյանը նշել է, որ եթե հրաշք տեղի ունենա, և վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլևս չկարողանա խաբել, ապա այսօր երեկոյան տոնին դուրս գալով բեմ՝ կասի. «Ժողովո՛ւրդ, ուզում եմ ձեզ ասել, որ ինչ խոսք եմ տալիս հիմա՝ տալիս եմ նրա համար, որ երրորդ ժամկետով մնամ, այն ժամկետի, որի դեմ պայքարել ենք 8 տարի առաջ»:
«Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանը փոսի վրա շարված խորովածի նկար է հրապարակել՝ գրելով՝ «Շնորհավոր Ամանոր եւ քաղաքացու օր (փոսի խորոված ենք անում)»։

Armenia Today-ը վաճառակետերից հետաքրքրվել է խորովածի գներով և պարզել է, որ մի կտոր սթեյքի գինը հասնում է 6000 դրամի։
Լրագրողներն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվել են՝ արդյո՞ք քաղաքացիները կարող են իրենց ամսվա մեջ մի քանի անգամ խորոված թույլ տալ՝ հաշվի առնելով մսի գները։
Ըստ Թորոսյանի՝ քաղաքացին հիմա ավելի լավ է ապրում, քան նախկինում։ Նրա խոսքով՝ ջանք ներդնող քաղաքացին ավելի լավ է սկսում ապրել, իսկ մյուսներին խրախուսում են, որ ջանք ներդնեն ։
Կառավարության ներկայացուցիչները Armenia Today-ին տված հարցազրույցում, մեկնաբանելով երկրում ստեղծված իրավիճակը, որպես հիմնական մարտահրավեր նշել են երկարաժամկետ խաղաղության ապահովումը։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այնքան սուր չի համարում մարզերում աշխատատեղերի բացակայության հարցը։ Ըստ նրա՝ մարզերում տեղական աշխատուժի բացակայության պատճառով աշխատում են օտարերկրացիներ։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը չի պատասխանել Արցախում եկեղեցիների, մյուս մշակութային կոթողների ոչնչնացման մասին հարցին՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է դրան ու ավելացնելու բան չունի։
Armenia Today-ի կողմից հարցված քաղաքացիները նշել են, որ հասարակության ներսում առկա անհամաձայնությունները մնում են հիմնական խնդիրը։
