Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։
– ԱՄՆ նախագահը հայտարարեց Իրանի հետ անժամկետ հրադադարի մասին՝ նշելով, որ դա տևելու է մինչև բանակցային առաջարկներ ներկայացվեն։ Ինչո՞ւ ԱՄՆ-ն գնաց այս քայլին. այլ ելք չկա՞ր, ու պետք էր դուրս գալ պատերազմից, ինչպես պնդում են շատ վերլուծաբաններ, թե՞ ոչ։
– Կարծում եմ՝ մի քանի հանգամանք կա նման քայլի գնալու․ նախ այն, որ ԱՄՆ-ի բացարձակ հաղթանակը կամ Իրանի կապիտուլյացիան մոտալուտ չէ, իսկ պատերազմական գործողությունների շարունակումը անկանխատեսելի հետևանքների կարող է առաջնորդել․ արդեն հսկայական է տնտեսական վնասը համակողմանիորեն։ Հիմնականն այն է, որ ծովային մեծ պաշարումն իրականացնելով՝ Թրամփն ուզում է մղել Իրանը գնալ գործարքի։ Ռազմախաղի կանոնը փոխել է Թրամփը․ պաշարում՝ փոխան հարձակումների, մինչև գործարք։
– Ըստ Ձեզ՝ կպահպանվի՞ արդյոք հրադադարը, թե՞ նորից հնարավոր է պատերազմական գործողությունների վերսկսում։
– Ռիսկը դեռևս առկա է հրադադարի չեղարկման։ Երկարաձգումները, այն էլ անորոշ ժամկետներով, խոսում են դիվանագիտական ուղու կամ գործարքի նախընտրության մասին․ հատկապես ԱՄՆ-ի կողմից։
– Ինչպե՞ս է այս ամենն ընդունում Իսրայելը, որն, ըստ շատ վերլուծաբանների, այնուամենայնիվ շահագրգռված է ռազմական գործողությունների շարունակմամբ ու ԱՄՆ-ին ինքն էր դրդել նման հարձակման։
– Իսրայելի համար Իրանի ռազմական հնարավորությունների չեզոքացումը առաջնային նպատակ է։ Խնդիրը սակայն հասել է մի եզրի, որտեղ Իսրայելը հետևելու է Վաշինգտոնին։ Եթե մեծ գործարքը լինի, Իսրայելը շատ առաձգականություն չի ունենա իր քայլերն այս ուղղությամբ որոշելու։
– Հորմուզի նեղուցը սակայն շարունակում է փակ մնալ. ինչո՞ւ և ո՞րն է նպատակը։
– Հորմուզի անցքը երկկողմանիորեն փակ է․ Իրանի կողմից օգտագործված միջոց՝ տնտեսական երկրաշարժ առաջացնելու, և ԱՄՆ-ի կողմից՝ ավելի մեծ պաշարում Իրանի տնտեսությունը կաթվածահարելու։ Տնտեսական երկկողմանի հարվածները կարող են մղիչ գործոն լինել գնալու գործարքի։ Տնտեսական հարվածը հասել է Չինաստան, որի նախագահը հորդորում է վերացնել պաշարումը և բացել Հորմուզը։
– Ե՞րբ կբացվի, ըստ Ձեզ, այդ նեղուցը, ի՞նչ պայմաններով։
– Երբ պայմանավորվածությունը լինի, երաշխավորվի նավագնացության անվտանգությունը և մանավանդ նոր վարչակառավարման մեխանիզմները հաստատվեն։ Ժամկետ նախատեսելն անիրատեսական է։
– Այս ամենը ինչպե՞ս կանդրադառնա նաև տարածաշրջանի վրա։
– Տնտեսական ծանր իրավիճակ, դաշնակցային բալանսների փոփոխություն, նոր դիվանագիտությունների ակտիվացում և հատկապես էներգետիկ ոլորտի վերափոխումներ։
Արման Գալոյան
