ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով հարցին, թե այսօր ինչո՞ւմ է կայանում ռուսական դիվանագիտության արվեստը, հիշել է «Հայկական ռադիոյի» մասին հայտնի անեկդոտը։ Նախարարը հարցազրույց է տվել «Ռուսաստանի հանրային հեռուստատեսությանը», որի տեքստը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։
Լավրովը նշել է, որ դիվանագիտության խնդիրն է պաշտպանել ազգային շահերը՝ հարգելով արժանապատիվ և պարկեշտ գործընկերների շահերը։ Նա վերհիշել է խորհրդային տարիներին հանրահայտ «Հայկական ռադիոյի» մասին անեկդոտների շարքը։
«Հայկական ռադիոյին հարցնում են՝ ի՞նչ է դիվանագիտությունը։ Նրանք պատասխանում են, որ կա մի քանի տարբերակ, բայց ամենապատշաճն այն է, որ դիվանագիտությունը մարդուն հասցեով ուղարկելու արվեստն է, բայց այնպես, որ նա անհամբերությամբ սպասի այդ ճանապարհորդությանը։ Սա նույնպես կարելի է ներառել դիվանագիտության մեթոդների զինանոցում։ Այստեղ արտասովոր ոչինչ չկա»,- ասել է նա։
Արտգործնախարարը պարզաբանել է, որ ռուսական դիվանագիտության վարման հիմքերը շարադրված են հայեցակարգային փաստաթղթերում, ինչպիսին է արտաքին քաղաքականության հայեցակարգը։
Ապրիլին Լավրովը հայտարարել էր, որ հայկական կողմն ըմբռնում է ցուցաբերել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում բարձրաձայնված մտահոգությունների նկատմամբ։
