Ադրբեջանի ԱԳՆ-ի խիստ հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված ձևակերպումները։

«Մենք մերժում ենք Ձեր սադրիչ հայտարարությունը։ Նման արտահայտությունները վկայում են տարածաշրջանի պատմության և իրողությունների անբավարար ըմբռնման մասին և խեղաթյուրում են փաստերը քաղաքական նպատակներով։ 2020 թվականին Ադրբեջանը գործել է իր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքների սահմաններում՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն։ 2023 թվականին իրականացված հակաահաբեկչական միջոցառումներն ավարտվեցին Ադրբեջանի սահմանադրական կարգի վերականգնմամբ՝ 30 տարվա անօրինական օկուպացիայից հետո։

 «Տեղահանման» մասին պնդումներն անտեսում են այն փաստը, որ հայ բնակիչներին առաջարկվել է վերաինտեգրում, լիակատար իրավահավասարություն և անվտանգության երաշխիքներ։ Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում այն, որ ընտրված պաշտոնյան, անտեսելով օկուպացիայի ժամանակաշրջանում հարյուր հազարավոր ադրբեջանցիների դեմ իրականացված էթնիկ զտումներն ու զանգվածային սպանությունները, ինչպես նաև մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը, առաջ է մղում միակողմանի նարատիվներ։ Նման անպատասխանատու հայտարարություններն անընդունելի են և պետք է անհապաղ հեռացվեն» ,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ՝ ընդգծելով պատմության կրկնությունը թույլ չտալու կարևորությունը։

Leave a Comment