Խոջիվանքի պանթեոնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն

Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։ 

Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը և դիվանագիտական առաքելության անձնակազմը ծաղկեպսակ են խոնարհել հուշարձան-խաչքարի մոտ։

Հարգանքի տուրք են մատուցել նաև Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ղեկավարներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև հայ համայնքի անդամները։

Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչ, Պ. Ադամյանի անվան թատրոնի դերասան Արամ Միքայելյանը նշել է, որ ապրիլի 24-ին հայությունն ամբողջ աշխարհում ոգեկոչում է 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Միջոցառման երաժշտական մասն ապահովել են Հայաստանից ժամանած դուդուկահարներ Հարություն Չկոլյանն ու Կարեն Սիրականյանը։

Ապրիլի 24-ին լրացել է Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչման միջոցառումներով է հիշել 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 34 պետություն, ավելի քան 70 կազմակերպություն։ 111 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտել Մեծ եղեռնի իրողությունը և պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ նենգափոխելով պատմությունը։

Ստամբուլի իշխանությունները ինչպես հաճախ, այս տարի ևս մերժել էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման անցկացման թույլտվությունը:

Leave a Comment