Թուրքիայում քրդամետ ընդդիմադիր «Ժողովրդական հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցությունը հայտարարել է Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության մասին, հայտնում է Ermenihaber-ը։
Հայտարարության մեջ նշվում է, որ ժողովուրդների, մշակույթների և ինքնությունների միջև տարբերությունները վերացնելու և միատարր հասարակություն ձևավորելու փորձերը պատմական սխալ են։ Այն ընդգծում է էթնիկ, լեզվական, մշակութային և կրոնական ինքնությունների հավասարությունը և դրանց գերիշխանության անթույլատրելիությունը։
Հայտարարության հեղինակները նշում են, որ պատմական ճշմարտության ճանաչումը և անցյալի հետևանքների հաղթահարումը կարևոր է հասարակական խաղաղության համար, «և Հայաստանի հետ դիվանագիտական, առևտրային, տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացումը համապատասխանում է տարածաշրջանի ժողովուրդների շահերին»։
««Ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքի ու Կովկասի աշխարհագրությունը, պատմական իրողությունների և ամոթի հետ առերեսվելու հետաձգումը կամ չիրականացվելը, որոնք մեր ապրած հողերը դարձրել են անպտուղ, չի ծառայում սոցիալական խաղաղությանը կամ ճշմարտության բարձրաձայնմանը։ Մեր տարածաշրջանի մաս կազմող Հայաստանի հետ դիվանագիտական, առևտրային, տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացումը բխում է մեր ժողովուրդների կարիքից և շահերից»,- գրում է Ermenihaber-ը։
DEM կուսակցությունը դա նաև համարում է միջոց Կովկասի տարածաշրջանում խաղաղություն կառուցելու համար։
«Այս զգացումով ու մտքերով, որպես Անատոլիայի և Միջագետքի հնագույն ժողովուրդներ, կրկին կիսում ենք հայ ժողովրդի և մյուս քրիստոնյա ժողովուրդների 111-ամյա ցավն ու սուգը և վշտով ու հարգանքով հիշում այդ ժամանակահ կոտորված մեր մարդկանց։ Մեր սրտերում զգում ենք այս մարդկային մեծ ողբերգությունը»,- ամփոփվել է հայտարարությունը։
Ապրիլի 24-ին լրացել է Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչման միջոցառումներով է հիշել 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 34 պետություն, ավելի քան 70 կազմակերպություն։ 111 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտել Մեծ եղեռնի իրողությունը և պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ նենգափոխելով պատմությունը։
Ստամբուլի իշխանությունները ինչպես հաճախ, այս տարի ևս մերժել էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման անցկացման թույլտվությունը:
