Իրանի իշխանական վերնախավում խորացել են տարաձայնությունները Միացյալ Նահանգների հետ համաձայնության գալու և պատերազմն ավարտելու համար հնարավոր զիջումների հարցում, հայտնում է The Wall Street Journal-ը։
Տարաձայնություններն ակնհայտ էին դարձել դեռևս ապրիլի սկզբին կայացած բանակցությունների ժամանակ, սակայն այս շաբաթ լարվածությունն ավելի է ընդգծվել։ Որպես միջնորդ հանդես եկող բանակցողների փոխանցմամբ՝ բանակցությունների նախորդ փուլում իրանական կողմն սկսել է խուսափողական պատասխաններ տալ հարցերին։
WSJ-ն նշում է, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ակտիվ մարտական գործողությունների փուլում Իրանի ղեկավարությունը միասնականություն էր ցուցաբերում քաղաքական հռետորաբանության մեջ և պահպանում էր զինված ուժերի խիստ վերահսկողությունը։ Սակայն այդ համախմբվածությունը, հավանաբար, թուլանում է, քանի որ զինադադարի ֆոնին առաջնային է դառնում պատժամիջոցների չեղարկման խնդիրը՝ նոր գործարքի կնքման միջոցով։
Ավելի վաղ Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կարող է առաջիկա օրերին հանդիպել Պակիստանում ամերիկացի բանակցողներ Սթիվ Վիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, սակայն, նշել էր, որ Արաղչին չի պլանավորում ամերիկացի բանակցողների հետ հանդիպումներ։
